կարևոր
1609 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-31 16:22
Առանց Կատեգորիա

«Կարմիր բլուրի» աղյուսների առեղծվածը. ուրարտական շրջանի պատը վերկանգնելու միջագային ծրագիրը դադարեցված է․ ահազանգի հետքերով

Yerkir.am-ն իր տաղավարում հյուրընկալել է հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանի  նախկին տնօրեն Միքայել Բադալյանին։

Նշենք, որ օրերս մեր նկարահանող խումբը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ շրջել է Կարմիր բլուրում, Շենգավիթ հնավայրում, Էրեբունի ամրոցում և «Էրեբունի» թանգարանում․ բանն այն է, որ ավագանիներն ահազանգ են ստացել, ինչով պայմանավորված շրջայց են իրականցրել հիշյալ տեղերում։

Նաև նշենք, որ արդեն մեկ տարի է թանգարանը չունի տնօրեն, նախկին տնօրենը հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանն էր, ով թանգարանում  աշխատում էր 2009 թվականից՝ սկզբնական փուլում որպես կրտսեր գիտաշխատող։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի  տնօրենի թափուր պաշտոնի համար  ապրիլի 8-ին նշանակված մրցույթում հաղթող չի եղել։ Հաջորդ մրցույթը նշանակված է հունիսի 27-ին։ Իսկ թանգարանն այս պահին ժամանակավորապես տնօրինում է թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցը։

Շրջայցի ժամանակ ինչպես ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, փորձագետ Սոնա Աղեկյանը, այնպես էլ մեր նկարահանող խումբը զրուցել և դիտարկումներով ենք  կիսվել Անահիտ Թելունցի հետ։

Ի դեպ, Կարմիր բլուրում ուրարտական շրջանի պատը վերականգնելու նպատակով արտադրված աղյուսներն այժմ բացիթողի վիճակում են, Թելունցն ասաց, որ պայմանագիրը ֆրանսիական կողմի հետ ավարտված է, արտադրել են 1000 հատ աղյուս, սպասում են նոր պայմանագրի։

«Մեկ է՝ այդ աղյուսներն իրենց գործը չեն անելու, պիտանի չեն։ Ես այդպես եմ գտնում։ Այն, որ ֆոնդում ունենք Կամիր բլուրի 3000 տարվա աղյուսներ,  դրանք ոչ մի բան չեն լինում, դա ուրիշ։ Իսկ դրսում եղածն արդեն փշրվում է»,- ասաց Անահիտ Թելունցը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով  պետք է վերականգնվեր Կարմիր բլուր հնավայրի ուրարտական աղյուսաշեն պատը։ Նախագիծն իրագործելու համար Կարմիր բլուրում ստեղծվել է աղյուսի արտադրամաս, արտադրվել էին ավելի քան 1000 աղյուս: Վերականգնման աշխատանքները նախատեսվում էին 2024-ի ապրիլից: Ծրագիրը սկիզբ է դրվել նախկին տնօրեն Միքայել Բադալյանի պաշտոնավարման ժամանակ։ 

Թեմայի շուրջ տաղավարում զրուցել ենք նաև Միքայել Բադալյանի հետ

Հերմինե Զեյնալյան

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ։
Շրջայցի տեսագրությունը՝ այստեղ։