կարևոր
5917 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 18:32
Առանց Կատեգորիա

Տիկի՛ն Թելունց, շատ բան պարզ դարձավ. «Էրեբունու» նախկին տնօրենը պահանջել է պատասխան հարցազրույց

Տիկի՛ն Թելունց, շատ բան պարզ դարձավ. «Էրեբունու» նախկին տնօրենը պահանջել է պատասխան հարցազրույց

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, հնագետ, ուրարտագետ Միքայել Բադալյանը անդրադարձել է նույն արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թելունցի հայտարարություններին, նշելով.

«Քիչ առաջ դիտեցի մի նյութ, որտեղ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թելունցը անդրադառնում է Էրեբունիին, ինչպես նաև՝ ինձ: Եթե ասեմ ապշած եմ, զարմացած եմ, ապա մեղմ կլինի: Իմ անձնական կարծիքով, տարբեր հատվածներում հնչում են ոչ հավաստի, ճշմարտությանը չհամատասխանող ու ոչ այդքան պրոֆեսիոնալ մտքեր, որոնցից մի մասը վերաբերում է անձամբ ինձ:

Տիկին Թելունց, ինձ համար շատ բան պարզ դարձավ...

Քանի որ Yerkir.am-ի հետ իմ հարցազրույցը ևս կարծես թե եղել է հարցի բարձրացման վերջին շրջանում կարևոր անդրադարձ և Էրեբունի, Շենգավիթ ու Կարմիր բլուր այսօրվա այցերը լուսաբանել եք դուք, ապա Yerkir.am-ից պահանջում եմ ինձ հրավիրել հարցազրույցի, քանի որ այս առումով շատ բան ունեմ ասելու...

Եվ իմացեք, տիկին Թելունց, գոնե ինքս ամեն-ինչ անելու եմ, որ Էրեբունի թանգարանում հանկարծ մասոնական օթյակի կամ տամպլիերների միաբանության անդամ, մեր թանգարանը տնօրեն չդառնա, ուզեք դա, թե չուզեք...»:

Հ.գ. Արձագանքելով հայտնի ուրարտագետ, հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի պահանջին՝ հայտարարում ենք, որ պատրաստակամ ենք գիտնականին վերստին հրավիրելու հարցազրույցի և հանրությանը ներկայացնելու վերջինիս պարզաբանումները, փաստարկներն ու դիտարկումները նույն հիմնարկի տնօրենի ժ.պ. Անահիտ Թելունցի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք տեղ են գտել մեր հարթակով հեռարձակված ուղիղ եթերում:

Նախատեսվող հարցազրույցի ժամանակ նաև խնդրելու ենք պարոն Միքայել Բադալյանին մասնագիտական տեսանկյունից անդրադառնալ այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և վերջինիս մասնաճյուղեր կատարած հրատապ այցերին ու բարձրաձայնված խնդիրներին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանի նախորդ ծավալուն հարցազրույցը կարող եք դիտել՝ սեղմելով այստեղ:

Հարգանքներով՝ Yerkir.am-ի խմբագրություն: