կարևոր
3547 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 12:48
Առանց Կատեգորիա

ՊՆ և ԱԱԾ սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով

ՊՆ և ԱԱԾ սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցներով

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներն այսուհետև կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցների հաշվին։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Շահառու սպան մոտավորապես 35 մլն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։

Նախագծի հիմնավորմամբ՝ գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգն արդյունավետ չէ։

«Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրին, որ թե՛ պահանջարկի, թե՛ առաջարկի, ինչպես նաև պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք փաստացի գործնականում անհնար և տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացի` սահմանված կարգով իրականացումը»,- նշված է հիմնավորման մեջ։

Որոշակիորեն խնդիրներ էին առաջանալու նաև Երևանի տարբեր հատվածներում ձեռք բերված բնակարանների՝ թեկուզև վիճակահանության միջոցով բաշխման գործընթացում:

Ուստի որոշվել է գործող համակարգը փոխարինել պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ, սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով։