|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին,կարևորեց վերապատրաստման դասընթացները, որոնց շրջանակներում հոգևորականները հնարավորություն են ստանում հարստացնելու իրենց աստվածաբանական գիտելիքները, վերանորոգելու իրենց ուխտը, զորանալու Սուրբ Էջմիածնի խորհրդով, փոխանակվելու միմյանց փորձառությամբ և ամրապնդելու միջհամայնքային կապերը, որոնք կնպաստեն իրենց առաքելության առավել արդյունավորմանը։

Անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին պատասխանատվության մեծ զգացումով, արիաբար և անսակարկ նվիրումով լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, ուղղորդել ազգի զավակներին հավատի և ճշմարիտ արժեքների ճանապարհով՝ ի զորացումն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։
