|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը Գազայից և Հորդանան գետի արևմտյան ափից պաղեստինցիների տեղահանման դեմ: Այս մասին հայտնում է Հորդանանի Petra լրատվական գործակալությունը։
Թագավորը շեշտել է արդար ու համապարփակ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, որը կապահովի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքներն իր ազգային հողում և կերաշխավորի բոլորի անվտանգությունն ու կայունությունը։ Նա նաև վերահաստատել է Գազայի հատվածում հրադադարի ամրապնդման, մարդասիրական արձագանքի ակտիվացման և Գազայի վերականգնման անհրաժեշտությունը։
Հորդանանի թագավորը բարձր է գնահատել նախագահ Թրամփի առանցքային դերը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ձեռքբերման գործում։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափին և Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումները։ Թագավորն ընդգծել է իրավիճակի վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կարևորությունը։
Աբդալլահ Երկրորդը շեշտել է Միացյալ Նահանգների և նախագահ Թրամփի դերի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հասնելու ջանքերին աջակցելու գործում՝ հայտնելով այդ հարցում օգնելու իր պատրաստակամությունը։
Իր հերթին նախագահ Թրամփն ընդգծել է Հորդանանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրությունը։