|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան, Թուրքիա) հանդիպում անցկացնելու հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ։
Նա այս մասին ասել է երկուշաբթի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար։
Ինչպես գրում է mehrnews.com-ը, ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։
«Թեհրանը կարծում է, որ հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին։ Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի կռվի և իշխանության մրցակցության մրցադաշտի, քանի որ դա հետաձգում է խաղաղությունը տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը պահանջում է բարեկամական և մեղմ շփում կառավարությունների և ազգերի միջև»,- ասել է Աբդոլլահիանը:
Վերջինս նաև հավելել է, որ Իրանը եղել է Հայաստանի բացառիկ բարեկամը, մինչդեռ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Իրանի հետ պատմական հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն։