կարևոր
1858 դիտում, 9 ամիս առաջ - 2023-06-09 09:13
Քաղաքական

Ի՞նչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը. «Հրապարակ»

Ի՞նչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանի «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի ներկայացուցիչներին։

Նախաձեռնողը եղել է ԱՀ նախագահը, առիթը՝ ճակատի մեկ օր առաջ տարածած հայտարարությունը, որով ասում էին, թե անթույլատրելի է կարմիր գծի խախտումը: Խոսքն ադրբեջանական անցակետով Ստեփանակերտ-Գորիս ուղեւորափոխադրման մասին է։ Շեշտել էին, որ կատարվածն Արցախի նախագահի հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան կապի ապահովման խախտում է։

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից․ Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է նման բան որոշել: Նշել է, որ հազարավոր մարդիկ դժգոհում են, որ Հայաստանի հետ կապը չի ապահովվում, հատկապես հիվանդներ տեղափոխելու համար, չնայած Կարմիր խաչը ռուս խաղաղապահների օգնությամբ հոգում է այդ հարցը:

Ասել է, որ ուսանողներից է դիմումներ ստանում, եւ չեն կարող հավերժ շրջափակված մնալ։ Շարժման անդամները պնդել են, որ հստակ հայտարարի, թե ով է կայացրել ուղեւորափոխադրման մասին որոշումը, Հարությունյանն ասել է, որ Անվտանգության խորհրդում են քննարկել դա, եւ ինքը, պետնախարարը եւ կառավարությունն էլ են հակված դրան։ Ռուբեն Վարդանյանի թիմակիցները հեռացել են որոշմամբ, որ առաջիկա օրերին կքննարկեն իրենց անելիքները՝ իրենց ասվածի հետ կապված։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: