կարևոր
2167 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-01 14:39
Աշխարհ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրինագիծը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը 314 կողմ և 117 դեմ ձայնով հաստատել է պետական պարտքի վերին շեմը մինչև 2025 թ.-ի հունվարի 1-ը բարձրացնելու մասին օրինագծին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը:

Այժմ օրինագծի շուրջ պետք է քվեարկություն տեղի ունենա Սենատում, այնուհետև երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո օրինագիծն օրենքի ուժ կստանա: ԱՄՆ-ի օրենսդիրները պետք է օրինագիծը հաստատեն շատ սեղմ ժամկետներում՝ մինչև հունիսի 5-ը. ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ դեֆոլտից խուսափելու համար հարկավոր է մինչև այդ ժամկետը ԱՄՆ կառավարությանը թույլ տալ ավելի շատ գումար փոխ առնել՝ վճարումները կատարելու համար:

Մինչև 2025 թ.-ը պարտքի վերին շեմի բարձրացումը թույլ է տալիս խուսափել դեֆոլտից մինչև հաջորդ նախագահական ընտրությունների ավարտը: Բացի պարտքի առավելագույն սահմանը բարձրացնելուց, օրինագծով նաև սահմանափակվում են ոչ պաշտպանական ծախսերը, ընդլայնվում են աշխատանքի պահանջները պարենի տեսքով նպաստ ստացողներին, հետ են կանչվում կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրվող ֆինանսական որոշ միջոցներ և այլն:

Սպիտակ տան և Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականների միջև օրինագծի շուրջ համաձայնագիր էր ձեռք բերվել անցյալ հանգստյան օրերին՝ մի քանի օր տևած բուռն բանակցություններից հետո:

Դաշնային կառավարության պետական պարտքի առավելագույն սահմանը 31.47 տրիլիոն դոլար է: