կարևոր
3922 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-29 19:02
Հասարակություն

Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան

Եթե ՀՀ–ում Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա Իսրայելը թույլ է տվել. Սամվել Մարտիրոսյան

Եթե ռազմական գործողությունների ժամանակ Pegasus-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նշեց, որ «Պեգասուսի» վարակումներն առաջին անգամ է կիրառվում պատերազմի ժամանակ։ Ծրագիրն արտադրվում է Իսրայելի կողմից, արտադրողները նախկին զինվորականներ են։ Մեդիափորձագետն արձանագրում է, որ դա, իբրև վաճառվոմ է ահաբեկիչներին գաղտնալսելու համար, սակայն փորձը ցույց է տալիս, որ այն օգտագործվում է տարբեր մարդկանց գաղտնալսելու համար՝ լրագրողներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր և իշխանական գործիչներ:

Մարտիրոսյանն ընդգծեց, որ մենք մեր պարագայում տեսնում ենք, որ այն մեր նկատմամբ կիրառվել է ռազմական գործողությունների ժամանակ, սա փաստացի կիբեռզենքի կիրառում է: Այդ շրջանում փորձել են պարբերաբար վարակել Աննա Նաղդալյանին, որն ԱԳՆ խոսնակ էր այդ ժամանակ, ընդ որում, այդ վարակումը բավականին թանկ է։

«Եթե ռազմական գործողությունների ժամանակ «Պեգասուս»-ի վարակումները եղել են Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես թույլ է տվել Ադրբեջանին Հայաստանում կիբեռզենք կիրառել։ Եթե Իսրայելը թույլ է տվել դա կիրառել, ապա շատ սերտ, ինտիմ հարաբերություններ պետք է լինեին, որպեսզի թույլտվություն լիներ։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ այն ՌԴ-ն չէր կարող կիրառել, քանի որ ՌԴ-ին չեն վաճառում, իսկ Ուկրաինան որոշակի գնումներ կատարել է: Բայց դե գիտեք, Իսրայելը մինչև վերջերս զերծ էր մնում Ուկրաինային անմիջական օժանդակելու հարցում»,-նշեց նա:

Սամվել Մարտիրոսյանը համոզված է՝ եթե Հայաստանը ցանկանար գնել դա ռազմական գործողությունների ժամանակ, ապա Իսրայելն արգելք կդներ, քանի որ այդ ընթացքում Ադրբեջանի հետ լուրջ ռազմաարդյունաբերական համագործակցություն ունեին. «Չեմ կարծում, որ այդ ընթացքում Իսրայելի բանակը թույլ կտար վաճառել Հայաստանին Pegasus լրտեսական ծրագիր»։
Բացի այդ, պարզվում է՝ «Պեգասուս» ծրագրով վարակումների թիվը շատ ավելի մեծ է, մասնավորապես, հրապարակվել է 12 անձանց անուն, որոնք դեմ չեն եղել հրապարակմանը, սակայն փորձագետը հայտնում է 50-ից ավելի դեպքի մասին։

Մեդիափորձագետը հավելեց, որ նոյեմբերին անձը Apple ընկերությունից ծանուցում է ստացել, որ իր հեռախոսը վարակված է, սակայն իրենք փորձարկումներից պարզել են, որ վարակումը տեղի է ունեցել պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ այդքան ժամանակ հետո նոր նրան ծանուցում է եկել այդ մասին, ինչը փորձագետի դիտարկմամբ նշանակում է, որ դեռ շատ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ իրենց հեռախոսը վարակված է: Նրա խոսքով՝ լայնածավալ վարակման հետ գործ ունենք։

Իսկ թե որ հեռախոսներն են առավել խոցելի՝ փորձագետը նշեց, որ «Պեգասուս»-ը հիմնականում է վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև Անդրոիդ հեռախոսներ. ««Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում: ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»: