կարևոր
5446 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-24 21:22
Հասարակություն Տնտեսական

Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումը բացասական ազդեցություն է ունենալու մի շարք այլ ընկերությունների վրա

Սոթքի հանքավայրի շահագործման դադարեցումը բացասական ազդեցություն է ունենալու մի շարք այլ ընկերությունների վրա

Սոթքի ոսկու հանքի գործարկումը Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ուղղություն է։ Մինչև 44 -օրյա պատերազմը՝ միայն Սոթքի հանքավայրն ապահովում էր Հայաստանի արտահանման 4 տոկոսն ու պետական բյուջե էր վճարում 21 մլրդ. դրամի հարկ։ Այնտեղ աշխատում էր նաև շուրջ 1600- 1800 աշխատակից, ընդ որում՝ այդ տարածաշրջանում այլ աշխատատեղ, գյուղատնտեսականից բացի ուղղակի չկա»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 14-ին երեկոյան Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել, ինչի արդյունքում հանքավայրի աշխատանքները դադարեցվել էին ու բաց հանքի աշխատակիցներին ուղարկվել հարկադիր վճարովի պարապուրդի։ Հանքավայրի տնօրինությունը տեղեկացրել էր, որ նախատեսված ժամկետի ավարտից հետո, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ՝ հստակեցնելու հանքավայրի ճակատագիրը, սակայն մինչ այսօր պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ Փոխարենը, բնակավարից ստացվող լուրերի համաձայն, անվտանգային նկատառումներից ելնելով, Սոթքի բաց հանքավայրը փակվել է և այլևս չի վերագործարկվելու, աշխատելը հանքի տարածքում՝ թշնամու կողմից պարբերաբար հնչող կրակոցների տակ անվտանգ չէ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ափսոսանք է հայտնում՝ կորցնելով Սոթքի հանքավայը, միաժամանակ, վտանգի տակ են հայտնվում դրան կից գործող այլ գործարաններն ու լրացուցիչ ապահովող գործունեություն ծավալող ընկերություններն ու կառույցները. «Այստեղ ուզում եմ նշել, որ Սոթքի գործունեության հիմքի վրա է գործում նաև Արարատի ոսկու կորզման գործարանը։ Այսինքն, եթե Սոթքի գործունեությունը դադարում է, վտանգվում է նաև Արարատի ոսկու գործարանի աշխատանքը։ Չմոռանանք նաև, որ այս գործարանը, նույնպես, հազարավոր աշխատակիցներ ունի, որոնք ևս կանգնում են աշխատատեղերի կորստի խնդրի առջև»։

Բանախոսը նշում է նաև՝ երկաթուղով հանքաքարի արդյունահանումն ու տեղափոխումն ապահովում է երկաթուղային բեռնափոխադրման մոտ 40- 50 տոկոսը.«Ստացվում է, որ եթե այս հանքավայրը չգործի, ապա երկաթուղին պարապուդի կմատնվի։ Այսինքն, Սոթքի հանքավայրի շահագործման հետևանքով կտուժեն ոչ միայն այս գործարանն ու դրա աշխատակիցները, այլ նաև փոխկապակցված ձեռնարկությունները, գումարած նաև այն ձեռնարկությունները, որոնք սպասարկում են Սոթքի հանքի աշխատանքներին՝ տարբեր ապրանքների կամ սարքերի վերանորոգման կամ մատակարարման հարցերով զբաղվող ընկերությունների տեսքով»։

Ընթացիկ տարվա 3 ամիսների հաշվարկով՝ Սոթքի հանքը վճարել է ընդամենը 700 մլն. դրամի հարկ, անցյալ ամբողջ տարվա ընթացքում՝ մոտ 3 մլրդ. դրամի հարկ, այն պարագայում, երբ մինչ պատերազմը՝2020 թ. հանքավայրը պետական բյուջե է մուտքագրել մոտ 21 մլրդ. դրամ գումար։ Ստացվում է, որ այս տարի հանքավայրն արդեն մոտ 7 անգամ ավելի քիչ գումար է մոտքագրել պետական բյուջե, ասում է տնտեսագետն ու հավելում.«Ըստ էության, հանքավայրը 2020 թ. պատերազմից հետո, անվտանգային նկատառումներից ելնելով, նվազեցրել է իր գործունեության ծավալները, աստիճանաբար հանգեցնելիվ գործունեության իսպառ դադարեցման, որն էլ տեղի ունեցավ ապրլի ամսին։ Եթե հանքավայրի և դրա աշխատակիցների ուղղությամբ պարբերաբար ռազմական ճնշում է կիրառվում և կրակոցներ են արձանագրվում, ապա հանքավայրի ճակատագրի այսօրինակ հանգուցալուծումը, պատերազմից հետո, կարծում եմ, կանխատեսելի պետք է լիներ»,- ամփոփելով զրույցը, ափսոսանք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Աղբյուրը՝ Փաստինֆո