կարևոր
2545 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-24 14:40
Քաղաքական

Սեբաստիայի Գեմերեկ գավառի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնման կարոտ է

Սեբաստիայի Գեմերեկ գավառի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնման կարոտ է

Սեբաստիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Սվաս-Ակունքի խմբ․) Գեմերեկ գավառի Չեփնի ավանում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որ կառուցվել է 19-րդ դարում,  վերածվել է գանձագողերի թիրախի։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ ժամանակ առ ժամանակ եկեղեցին քանդող գանձ որոնողները մեծ փոսեր են փորել և կառույցն ավիրել։ Եկեղեցու տանիքը պատված է խոտով ու հողով և վերևից տան այգի է հիշեցնում։

Չեփնի ավանի նախկին համայնքապետ Մուրադ Ուչարը շեշտել է, որ եկեղեցին պետք է վերանորոգվի և ծառայի այդ կողմերում զբոսաշրջության զարգացմանը։ Նա նշել է․

«Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է մոտավորապես 1800-ական թվականների առաջին քառորդին։ Անունը Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի է։ Այն ժամանակվա պայմանների համաձայն՝ այս շինությունը պաշտամունքի վայր է եղել։ Մենք այս կառույցի մասին գիտենք դեռ մանկությունից։ Ժամանակ առ ժամանակ այն ավիրվել է գանձագողերի կողմից։

Այս վայրը ժառանգություն է, որ պետք է փոխանցել ապագա սերունդներին։ Հայերն ու թուրքերը այցի են գալիս այստեղ։ Այցելում են հետաքրքրասերները։ Մենք ցանկանում ենք, որ այս կառույցը մեր շրջանի պիտակը դառնա։ Թող զբոսաշրջությունը զարգանա։ Մենք ուզում ենք եկեղեցին վերանորոգել՝ զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար»։

https://www.samsunsonhaber.com/haber/5407814/havadan-bahceyi-andiran-3-asirlik-kilise-turizme-kazandirilmayi-bekliyor

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net