կարևոր
2515 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-18 17:31
Հասարակություն

Ադրբեջանի Լոս Անջելեսի հիւպատոսութեան կից խաչմերուկն անուանել է «Արցախի Հանրապետութեան հրապարակ»

Ադրբեջանի Լոս Անջելեսի հիւպատոսութեան կից խաչմերուկն անուանել է «Արցախի Հանրապետութեան հրապարակ»

Այս շաբաթ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ որոշեց արեւմտեան հատուածի խաչմերուկը անուանել «Արցախի Հանրապետութեան հրապարակ»: Ուիլշըր եւ Գրանուիլ պողոտաների խաչմերուկը նաեւ Ադրբեջանի Լոս Անջելեսի հիւպատոսութեան վայրն է: Քաղաքային խորհրդի նախագահ՝ Փոր Գրիգորեանի գրասենեակի հրապարակած մամլոյ հաղորդագրութեան համաձայն Ադրբեջանը այն բռնապետութիւնն է, որը շրջափակել է Արցախը՝ 120,000 տղամարդկանց, կանանց եւ երեխաներին սպառնալով դանդաղ մահով սովի և բժշկական օգնութեան բացակայութեան պայմաններում։

Խորհուրդը գործել է խորհրդի նախագահ Փոլ Գրիգորեան եւ խորհրդի անդամ Թրեյսի Փարքի (11րդ Թաղամաս) հեղինակած միջնորդութեան հիման վրայ, որի շրջանն ընդգրկում է նոր նշանակուած Արցախի հրապարակը։

«Ադրբեջանի բռնապետը բացայայտօրէն սպառնացել է ցեղասպանութեանը եւ կոչ է արել վտարել բոլոր հայերին իր յաւակնած տարածքներից՝ եւս մէկ անգամ սպառնալով ոչնչացնել հայ ժողովրդին իր հինաւուրց հայրենիքում», — ասել է խորհրդի նախագահ Գրիգորեանը: «Մենք ձեռնարկել ենք այս գործողութիւնը՝ հաստատելու համար Լոս Անջելեսի ժողովրդի հովանաւորութիւնը Արցախի բնիկ ժողովրդին, ովքեր պայքարում են իրենց փոքրիկ ժողովրդավարութիւնը պահպանելու համար՝ ի դէմս Ադրբեջանի ճնշումների, բռնութիւնների եւ տարածուող սպառնալիքների»:

«Տասնմէկերորդ թաղամասում Արցախի Հանրապետութեան հրապարակ ստեղծելու մեր գործողութիւնը արտացոլում է մեր համերաշխութիւնն ու նուիրուածութիւնը Արցախի ժողովրդին», — ասաց խորհրդի անդամ Թրեյսի Փարքը: «Այս հրապարակը լինելու է Արցախի ինքնորոշման եւ մեր միանշանակ հակազդեցութեան խորհրդանիշը ադրբեջանական բռնապետութեան կողմից հայոց պատմութիւնն ու մշակոյթը ջնջելու անհիմն ագրեսիային»:

Խորհրդի միջնորդութիւնը երկրորդել են խորհրդի անդամներ Բոբ Բլումենֆիլդը , Նիտեա Ռամանը, Մոնիկա Ռոդրիգէսը, Ջոն Լին եւ Հիւգո Սոտո-Մարտինեզը:

«Արցախի Հանրապետութեան հրապարակը կը կանգնի որպէս խաղաղութեան համար պայքարի մշտական յիշեցում եւ կօգնի աւելի մեծ ուշադրութիւն հրաւիրել Արցախի ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող մարդու իրաւունքների շարունակական ոտնահարման վրայ», — ասաց խորհրդի անդամ Բոբ Բլիւմենֆիլդը:

«Ես հպարտ եմ, որ այսօր միանում եմ իմ գործընկերներին՝ ստեղծելով Արցախի Հանրապետութեան հրապարակը՝ որպէս մեր շարունակական աջակցութեան խորհրդանիշ արցախահայութեանը, որը ենթարկուել է Ադրբեջանի կողմից մօտ հինգ ամիս տեւողութեամբ դաժան շրջափակման»,- ասել է խորհրդի անդամ Նիդեա Ռաման:

«Ես հպարտ եմ շարունակելու իմ աջակցութիւնը Լոս Անջելեսում հայկական սփիւռքին եւ մեր շարունակական համերաշխութիւնը Արցախի հետ», — ասաց խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգէսը: «Արցախի Հանրապետութեան հրապարակի» ստեղծումը հայ համայնքի հետ մեր շարունակական բարեկամութեան եւ հարազատութեան եւս մէկ օրինակ է։

«Լոս Անջելեսը բազմիցս հասկացնել է տուել, որ աջակցում է Արցախի հայ ժողովրդին»,- ասել է խորհրդի անդամ Ջոն Լին։ «Արցախի Հանրապետութեան հրապարակի» ստեղծումը մեր քաղաքի միասնական ձայնի եւս մէկ օրինակ է՝ կոչ անելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան։

«Քանի որ Արցախում հայերը շարունակում են ապրել ադրբեջանական շրջափակման տակ, որն արդէն հինգերորդ ամիսն է, մէզ համար շատ կարեւոր է լինել Արցախի եւ Լոս Անջելեսի հայ համայնքի հետ»,- ասել է խորհրդի անդամ Ուգո Սոտո-Մարտինեզը: «Որպէս Տասներեքերորդ թաղամասի, այդ թւում՝ Փոքր Հայաստանի աւագանու անդամ, ես հպարտ էի աջակցելու այս նախաձեռնութեանը, որով ստեղծուեց Արցախի Հանրապետութեան հրապարակը»։

«Արցախի Հանրապետութիւնը, որը նախկինում յայտնի էր որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, հերոսաբար անջատուեց Խորհրդային Միութիւնից՝ քայքայուող կոմունիստական դաշինքում ստեղծելով ժողովրդավարական պետութիւն։ Այժմ փաստացիօրէն շրջապատուած լինելով Ադրբեջանի տարածքով, Արցախի բնիկ հայ բնակչութիւնը Հայաստան եւ արտաքին աշխարհ մուտք ունի միայն Լաչինի միջանցքով, որն այժմ կտրուած է Ադրբեջանի զինուած ուժերի կողմից՝ Ռուսաստանի մեղսակցութեան հետ»: Ասուած է Գրիգորեանի յայտարարութեան մէջ:

Վերջին տարիներին և յատկապէս 44օրեայ պատերազմի օրերից նշեալ խաչմերուկի շրջափակում են կայացել հայութեան տասնեակ բողոքի ցոյցերը Ադրբեջանի դէմ:

Լոս Անջելըս- Օրակարգ