կարևոր
2647 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-05 16:06
Քաղաքական

Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են ԱՄՆ-ում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները

Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են ԱՄՆ-ում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ հեռախոսազրույց են անցկացրել:

«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության և տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Արտգործնախարարները նաև քննարկել են ԱՄՆ-ում (մայիսի 1-4) Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ (ԱԳ նախարարների մակարդակով) բանակցությունները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահագների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մի քանի օր տևած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց խաղաղության պայմանագրի հարցում։ Նա նշել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով, և որ կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին։

«Նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի և հասանելի համաձայնություն, որը ձեռք բերելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլև հիմնականում կբխի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից։ ԵՎ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս»,- ասել էր ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա կարծիքով՝ բանակցությունների ընթացքն ու հիմքը ցույց են տալիս, որ «մոտ ենք համաձայնության հասնելուն»։

«Բոլորս գիտենք, որ յուրաքանչյուր մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենաբարդն է։ Սակայն ԱՄՆ–ն այստեղ է, որ շարունակի օգնել մեր երկու բարեկամներին հատելու եզրագիծը։ Եվ նորից եմ ասում, որ մենք շատ մոտ ենք դրան։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունն իրական է; Եվ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել»,– ընդգծել էր ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը։