կարևոր
2038 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 09:27
Քաղաքական

Հարցն այն է, թե մենք ինչ ենք անում․ «Փաստ»

Հարցն այն է, թե մենք ինչ ենք անում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության ծրագրի կատարողականի պատրվակով հրավիրված ԱԺ նիստում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը, հիրավի, «ծրագրային» էր: Այն ծրագրային էր նույնիսկ առանց չակերտների ու սարկազմի: Ավելին, անգամ հարց չի ծագում, թե դա ինչ ծրագիր է: Դա էլ է բացահայտ: Նիկոլ Փաշինյանը, որքան էլ դա իրեն բնորոշ չէ, միանգամայն անկեղծ (այո, այո՝ անկեղծ) ու բացահայտ հայտարարեց. ա) համաձայնել է Արցախը լիովին հանձնել Ադրբեջանին, բ) հետևողականորեն թուրք-ադրբեջանական տանդեմին է հանձնելու Հայաստանը: Այստեղ հարցերը հազիվ թե կարող են ուղղված լինել Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո, նոր չպիտի իմանայինք, թե նա ով է և ինչ է անում, մեծ հաշվով: Այստեղ բուն հարցն այն է, թե ի՞նչ ենք անում մենք:

Ի՞նչ ենք անում բոլորս՝ ընդդիմադիր, թե չընդդիմադիր, հողագործ, թե ակադեմիկոս, վարորդ, թե շինարար, երևանաբնակ, թե լիոնցի, տնատեր, թե տունուտեղից զրկված: Բոլո՛րս: Այն, որ ժողովուրդ են ասում, որին, մեկը, իբր, սիրում էր, ինչ-որ խոնարհվում էր և այլն, բայց փաստացի շարունակում է տանել կործանման: Ավելին, նման ելույթներով շարունակում է ծաղրել նույն այդ ժողովրդին: Փաշինյանի ելույթի մեջ «կարմիր թելը» իր հորինած «ապագա կա»-ն էր, որին, նրա կարծիքով, մարդիկ հավատում են, դրա համար էլ թանկանոց բնակարաններ են գնում նորակառույց շենքերում: Ցանկացած հասարակություն, նկատենք, բնականաբար, որոշակի հույսեր է կապում ապագայի հետ, լավատեսական մղումներ ունի: Բա՛յց:

Հասարակությունը չի կարող հույսերը կապել պարտված, պարտվողական, երկիրը թշնամուն հանձնող գործչի կամ քաղաքական խմբավորման հետ: Սա ընտրությունների, վերընտրություն կազմակերպելու ու նմանօրինակ «տասովկաների» հետ կապ չունի: Խոսքը հասարակության, ժողովրդի մասին է՝ լայն ընդգրկմամբ: Իսկ լայն ընդգրկմամբ ոչ մի խելամիտ անձնավորություն, անկախ սեռից, տարիքից, գաղափարաքաղաքական կողմնորոշումներից ու դավանանքից, ուղղակիորեն չի կարող ապագայի իր ծրագրերը կապել, կրկնենք՝ պարտվողական խմբավորման կամ «մանդատավոր միջին վիճակագրական անձի» հետ:

Այնպես որ, այո, ապագայի վերաբերյալ ինչ-ինչ հույսեր կան, բայց դրանք փաշինյանական «ապագակա»-ի օգտին գրանցել ընդհանրապես չարժե: Հա, ինչ վերաբերում է թանկանոց բնակարաններին, ապա իշխանությունները դեռ ժողովուրդ չեն, իսկ սովորական բնակարանների առումով կխոսենք, երբ եկամտահարկի վերադարձի համակարգը ամբողջությամբ Երևանից «կհանվի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում