կարևոր
3637 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-10 22:07
Հասարակություն

Ջահերով երթի տրամաբանությունն այս տարի համահունչ է այն իրավիճակին, որում գտնվում ենք. մեր պայքարը մեկն է. Քրիստինե Վարդանյան

Ջահերով երթի տրամաբանությունն այս տարի համահունչ է այն իրավիճակին, որում գտնվում ենք. մեր պայքարը մեկն է.  Քրիստինե Վարդանյան

Այս տարի ապրիլի 23-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հետ Հանրապետության հրապարակից կանցկացնեն ամենամյա ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խնկարկելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դաշնակցության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ այս տարի ջահերով երթը տեղի կունենա Հանրապետության հրապարակից՝ ժամը 19։15-ին, նախորդ տարվա նման, այս տարի էլ տեղի փոփոխություն կա, քանի որ սովորաբար այն մեկնարկում էր Ազատության հրապարակից։

«Ջահերով երթի կազմակերպման տրամաբանությունն այս տարի համահունչ է այն իրավիճակին, որում մենք գտնվում ենք, և այդ տրամաբանությունը կամ հիմնական ուղերձն այն է, որ մենք մեկ ազգ ենք, մեր պայքաը մեկն է, և մենք դիմագրավում ենք նույն այն թշնամուն, որին դիմագրավել են 1915 թվականին մեր նախնիները, նույն այն թշնամուն, որի գործողությունների հետևանքով տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, այս տարի ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները մասնակցելո՞ւ են Ջահերով երթին, քանի որ նախորդ տարի երկու նախկին նախագահները մասնակցում էին,  Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ Ջահերով երթն ինքնաբուխ ակցիա է եղել, որը մշտապես քննարկվել է։

«Փաստորեն սա ՀՀ-ում միակ հակաթուրքական միջոցառումն է և միակ տեղն է, որտեղ հայ մարդը կարող է ասել, որ հիշում ու պահանջում է, կարող է իր պահանջատիրությունը ներկայացնել ու չհանձնվելու կամքը ցույց տալ։ Այսինքն՝ ապրիլի 24-ին իսկապես շատ մարդ է գնում Ծիծեռնաբերդ, բայց միայն գնալն ու խոնարհվելը բավարար չէ։ Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց, որ մենք՝ հայ ազգը, առանց պայքարի այս տարածաշրջանում դատապարտված է ցեղասպանության։ Հետևաբար՝ պայքարելու կամքը ցույց տալու ձևերից մեկն էլ դառնում է Ջահերով երթը, նաև կարևոր քաղաքական իրադարձություններից, ըստ այդմ էլ՝ քննարկման առարկաներից մեկը։

Նախկին երկու նախագահների մասնակցության վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Մենք, ինչպես նախորդ բոլոր տարիներին, այդ տարի ևս այն քաղաքական ուժերը, որոնք կիսում են Ջահերով երթի տրամաբանությունը, կարող են մասնակցել, դա իսկապես կարևոր է, քանի որ սա այն քիչ տեղերից է, որտեղ մենք գրեթե ցույց ենք տալիս համազգային միասնականություն»,- եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։

Նշենք, որ Ջահերով երթ անցկացնելու ավանդույթը Հայաստանում սկիզբ է առել 1999 թվականից. օրն անփոփոխ է՝ ապրիլի 23-ը։ Այդ օրը բազմաթիվ քաղաքացիներ ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից ջահերով քայլերթ են իրականացնում դեպի Ծիծեռնակաբերդ, նախ՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, և ցույց տալու, որ 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվի։

Ջահերի երթ տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլև մարզերում, սփյուռքում, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունում։

Աղբյուրը՝ 168.am