կարևոր
6355 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-09 15:36
Տնտեսական Հասարակություն

20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»

20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»

Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են արդյոք եւ չեն պարունակում հակաբիոտիկներ։

Փորձաքննության համար ընտրել ենք առաջին կարգի (01) թարմ ձու, որը, նախքան լաբորատորիա տանելը, դիմազերծել ենք, համարակալել եւ պահել սառնարանում։

Դրանց մի մասը տարել ենք «Ստանդարտ Դիալոգի»՝ Երեւանի եւ Գյումրու լաբորատորիաներ՝ հակաբիոտիկները ստուգելու եւ թարմությունը որոշելու համար, մյուս մասը տարել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լաբորատորիա, որ ոլորտն ուսումնասիրող մասնագետը պարզի նմուշների թարմությունը։

Փորձաքննության, ինչպես նաեւ հրապարակման պահին ապրանքները ժամկետի մեջ են եւ վաճառվում են խանութներում։

Ձուն պարունակում է վիտամիններ եւ մակրոէլեմենտներ, օրինակ՝ Օմեգա-3, ֆոլաթթու, A, K, E, B12 վիտամիններ, սելեն, կալցիում, ֆոսֆոր, բիոտին եւ այլն։

100գ ձվի մեջ կա 13գ սպիտակուց, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական ծագման սպիտակուցը։ Ձուն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են։ Օրինակ՝ լեցիտինը, կանխում է «վատ» խոլեստերինի կուտակումն անոթների պատերին։

Ձվի եւ ձվամթերքի անվտանգությունը կարգավորվում է Մաքսային միության 021/2011՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգով։ Նաեւ՝ ՀՍՏ 182-2012 (Հայաստանի ազգային ստանդարտ)՝ «Ձու հավի, սննդային», որտեղ սահմանված են ձվի արտադրման տեխնիկական պայմանները, դրա տեսակավորումը, կարգի սահմանումը, մակնշումը, պահման պայմանները եւ այլն։

Ձուն դասակարգում են Ա եւ Բ դասերի. Ա դասի ձուն «թարմ» ձուն է, որը նախատեսված է մարդու կողմից անմիջական սպառման, նաեւ՝ սննդի արտադրությունում։ Բ դասի ձուն օգտագործվում է սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:

Ա դասի ձուն իր հերթին լինում է երկու տեսակ՝ «Էքստրա» (դիետիկ) եւ I-ին տեսակի, որից եւ կախված է ձվի պահմանպան պայմաններն ու ժամկետը։

Դիետիկ ձուն «ամենաթարմ» ձուն է, դրա պահման ժամկետը չի կարող գերազանցել ձուն ածելու օրվանից 7 օրը՝ 5 °C-ից մինչեւ 20 °C ջերմաստիճանում։

Սեղանի (I տեսակի) ձուն պետք է լինի բարձրորակ, տեսակավորված, մակնշված եւ փաթեթավորված` ածելուց հետո 10 օրվա ընթացքում։ Կճեպը եւ ենթակճեպային թաղանթը պետք է լինեն նորմալ ձեւի, մաքուր, չվնասված։ Օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, դեղնուցը պետք է թեթեւակի շարժվի եւ վերադառնա կենտրոն, սպիտակուցը պետք է լինի մաքուր, հստակ եւ թափանցիկ։

Սեղանի ձվի պահման ժամկետը` 0 °C-ից մինչեւ 20 °C ջերմաստիճանում 8-ից մինչեւ 25 օր է։

Կախված ձվի քաշից՝ որոշվում է նաեւ ձվի կարգը. ինչքան կարգը բարձր է, այնքան մեծ է ձվի քաշը։ ՀՍՏ 182-2012-ով տարբերում է ձվի 5 կարգ՝

00 - շատ մանր ձվերն են, ≤ 44գ

0 - մանր ձվերն են, ≥ 44գ եւ <53գ

01 - միջակ ձվերն են, ≥53գ եւ <63գ

02 - խոշոր ձվերն են, ≥ 63գ եւ <73գ

03 - շատ խոշոր ≥ 73գ

Ձվի մակնշումն ու փաթեթավորումը

Չփաթեթավորված կամ ստվարաթղթե պալարային (փոսիկավոր) տուփերում տեղադրված յուրաքանչյուր ձվի վրա՝ թե’ դիետիկ, թե’ սեղանի, պետք է տրված լինեն՝

տեսակը

կարգը

տեսակավորման ամսաթիվը

պիտանիության ժամկետը

արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը

Ձվի խմբաքանակի ընդունման ժամանակ յուրաքանչյուր կարգի համար թույլատրվում է նշված քաշային կարգին չհամապատասխանող ձվի առկայություն, բայց 10 % ոչ ավելի՝ պայմանով, որ ավելի ցածր կարգի ձվի առկայությունը 5 %-ից ավելի չէ։

Սեղանի ձվի օդախցիկի բարձրությունը փաթեթավորման ընթացքում պետք է լինի 6 մմ-ից ոչ ավելի, անշարժ կամ թույլատրվում է թեթեւակի տեղաշարժ։ Ինչքան մեծ է օդախցիկի չափը, այնքան ձուն թարմ չէ, ինչքան փոքր է, այնքան այն ավելի թարմ է։

Նմուշ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գնթունիք» ընկերության առաջին կարգի 30 ձու։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս ձվերի մեջ հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությամբ ուսումնասիրվել է ձվի օդախցիկի բարձրությունը, որը սեղանի ձվի համար առավելագույնը պետք է լինի 9 մմ, եթե պահվում է սառնարանում, եւ 7մմ, եթե չի պահվում։ Ինչքան օդախցիկը բարձր է, այնքան ձուն թարմ չէ։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ «Գնթունիք» ձվերի օդախցիկի բարձրությունը 8 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սակայն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի» ամբիոնի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Ալթունյանի` ապրիլի 7-ին կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գնթունիք» ձուն մակնշված 4 օրականի փոխարեն եղել է 14 օրական։

Սիրանուշ Ալթունյանը՝ ՀԱԱՀ լաբորատորիայում

Ըստ այդ ուսումնասիրութան՝ առաջին համարի տակ ներկայացված «Գնթունիք» ընկերության ձվերի քաշը համապատասխանել է նորմերին՝ 64գ, դրանք իսկապես I կարգ-ի են, կճեպը մաքուր է։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Գնթունիք» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի տոհմային ԹՏԽ» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։ Ընկերության հավկիթները և’ մուգ էին, և’ սպիտակ (գույնը նշանակում է, որ դա ածել է այլ տեսակի (երևանյան) հավը)։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում ևս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։ 

Թարմության փորձաքննությամբ պարզվել է, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 7 մմ է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I-ին կարգի է, քաշը՝ 62գ, կճեպը՝ մաքուր, սպիտակուցը՝ խիտ (բարձր ՀԱՈՒ միավոր, թարմ է)։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արզնի ԹՏԽ» ձուն մինչև սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 03.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 10 օրական է՝ մակնշված 4 օրականի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 63գ, կճեպը՝ կեղտոտ. 10 նմուշից 2-ի մեջ՝ ներսի հատվածում՝ օդախցիկին մոտ, հայտնաբերվել են ժանգանման բծեր։

Այսպիսով, 03.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Արաքս» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Աշտարակ ձու» ընկերության առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 04.04.2023։ Ապրանքն ունի EAC նշան։

Լաբորատոր փորձաքննությամբ՝ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ այս ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 3 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է,  քաշը՝ 59գ, կճեպը՝ թեթեւակի կեղտոտ, սպիտակուցը ջրիկացած (ՀԱՈՒ միավորը ցածր է)։

Այսպիսով, 04.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Աշտարակ ձու»-ն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Նմուշ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Վարիանտ գրուպ» ընկերության «Մասիս» առաջին կարգի ձուն։ Արտադրման օրը՝ 01.04.2023։

Լաբորատոր փորձաքննությամբ այս նմուշում եւս հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

Թարմության փորձաքննությունը ցույց է տվել, որ ձվերի օդախցիկի բարձրությունը 6 մմ է՝ նորմայի սահմաններում է։

Սիրանուշ Ալթունյանի ուսումասիրությունը ցույց է տվել, որ ձուն 15-20 օրական է՝ մակնշված 6 օրական ձվի փոխարեն։

Ուսումնասիրությունը հաստատել է, որ ձուն I կարգի է, քաշը՝ 57գ, կճեպը՝ թեթեւակի կեղտոտ, դեղնուցը՝ ինտենսիվ դեղին, պիգմենտավորված (ոչ սառնարանային պայմաններում պահելու հետեւանք է)։

Այսպիսով, 01.04.23 ամսաթվով վաճառվող 01-ին կարգի «Մասիս» ձուն մինչեւ սահմանված` 25 օր ժամկետի ավարտը չի ունենա այն թարմությունը, որը մակնշված է։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: