կարևոր
3127 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 12:57
Քաղաքական

Էջմիածնի քաղաքապետը համայնքապետարանի համար վառելիքի պատվեր է տվել իր ամուսնու գազալցակայանին

Էջմիածնի քաղաքապետը համայնքապետարանի համար վառելիքի պատվեր է տվել իր ամուսնու գազալցակայանին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը համայնքապետարանի համար սեղմված բնական գազի պատվեր է տվել իր ամուսնուն՝ Արամ Միրզոյանին պատկանող գազալցակայանին։ 

Պայմանագիրը կնքվել է 2023թ․-ին։ Գնումների մասին օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետն
 արգելում է փոխկապակցված անձանց եւ (կամ) միեւնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միեւնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միեւնույն գործընթացին։ Գազալցակայանը փաստացի գրանցված է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամ Միրզոյանի հոր՝ Աշոտ Միրզոյանի անունով։ 

Էջմիածնի քաղաքապետարանի կարիքների համար անցկացված գնման ընթացակարգը կազմակերպվել է մրցութային կարգով, որին մասնակցել է միայն քաղաքապետի ամուսնու հոր անունով գրանցված ԱՁ-ն։

MediaHub-ի տեղեկություններով, Գասպարյանի ամուսինը տղայական ձեւով համոզել է մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող այլ գազալցակայանների սեփականատերերին, որ չմասնակցեն ու այսպես ասած՝ «իր փայը թողնեն իրեն»։ Գործարքի վերաբերյալ տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ ստանալու համար փորձեցինք կապվել Դիանա Գասպարյանի հետ։ Մեզ ասացին, որ նա Հայաստանում չէ եւ քաղաքապետի պարտականությունները կատարում է փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը։ 

Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը։

-Ճի՞շտ է, որ համայնքին պատկանող մեքենաները սպասարկվում են քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում։ 

-Իսկ ո՞վ է ասում, որ հենց այդ լցակայանն է սպասարկում:

-Իրեն պատկանող ԱՁ-ն է մրցույթը շահել։ 

-էս վերջում տենդեր ենք ունեցել, չգիտեմ՝ կազմակերպություն է, թե ԱՁ, չեմ էլ հիշում կոնկրետ ով է, ու դա աղբահանության մեքենաներն են։ 

-Ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետի ամուսինն է մրցույթը շահել։ 

-Եթե անգամ իրեն է պատկանում, մրցույթի ընթացակարգերը, ամեն ինչը նորմալ պահված ա, ու երեւի թե, օրենքը թույլ է տալիս, որ բոլորը մասնակցեն։

-Ինչպե՞ս է եղել, որ հենց Դիանա Գասպարյանի ամուսինն է շահել մշցույթը։ 

-Ես որքան գիտեմ միայն մի մասնակից է եղել մրցույթին, միայն ինքը, ԱՁ անունը՝ Աշոտ Միրզոյան։ Մեկ մասնակից է եղել, մեր գնումների պլանը եղել է 300 դրամ, բայց ինքը մրցույթը հաղթել է 290 դրամով։ 

-Շահերի բախում չկա՞ այստեղ։ 

-Ի՞նչ շահերի բախում, կազմակերպություն ա, եկել մասնակցել ա, շահել ա, ի՞նչի մասին ա խոսքը։ Մասնակից, որ չլիներ, ի՞նչ էր դա մեզ տալու։ 

Ուշագրավն այն է, «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչության» 2023թ․-ի գնումների պլանում նշված է, որ համայնքապետարանի համար սեղմված բնական գազ ձեռք է բերվել 300 դրամով։ 

Կից ներկայացնում ենք փաստաթղթերը։