կարևոր
3553 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-02 17:27
Քաղաքական

Փրկության ճանապարհը պայքարն է, մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը. Իշխան Սաղաթելյան

Ներկայացնում ենք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթը Սարդարապատում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին։

Սիրելի՛ ընկերներ, հարգելի հայրենակիցներ։

Այսօր հավաքվել ենք հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող Սարդարապատի համալիրում`  բարի գալուստ ասելու ՀՅ Դաշնակցության շարքերը  անդամագրվող մեր հայրենակիցներին։

Սարդարապատը պայքարով պետականություն կերտելու և անձնազոհությամբ հայրենիքը պաշտպանելու, հայ ժողովրդի հերոսական էջերի վկայությունն է, և ամենևին պատահական չէ, որ այսօր այս խորհրդանշական պահին հայ ժողովրդի համար այս ճակատագրական ժամանակահատվածում է տեղի ունենում այս արարողությունը։

Սիրելի ընկերներ, դուք որոշում եք կայացրել համալրել Քրիստափորի, Արամ Մանուկյանի, Դրոյի, Վարդան Դուշմանի, Կարոտի, Արշակի, Վահան Հովհանիսյանի  ու Արթուր Մկրտչյանի կուսակցության շարքերը։

Դուք ձեր այդ որոշումը կայացրել եք հայրենիքի համար ճակատագրական ժամանակահատվածում։

Ես Դաշնակցությանը անդամագրվել եմ 24 տարի առաջ։ Իրավիճակը այլ էր։ Ես այդ օրերին Արցախում հաղթած սերնդից պատասխանատվություն ստանձնող էի։ Մենք հաղթած երկիր էինք, ես էլ երդում էի տալիս՝ թեկուզ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին, բայց բեռս թեթեւ էր։ Իմ ավագ սերունդը, իմ դաշնակցական ընկերները գործի մի մասն արել էին՝ ազատագրել էին Արցախը։ Մենք կանգնած էինք հպարտ։ Ապրում էինք գլուխլներս բարձր։

Բայց դուք այսօր այլ պայմաններում եք զինվորագրվում Դաշնակցությանը. մեր ուսերին կա ծանր պատասխանատվություն,  մենք գերմարդկային ճիգեր գործադրելու առջև ենք կանգնած։

Դուք ձեր որոշումը կայացրել եք այն ժամանակ, երբ հայ մարդը որևէ վստահություն չունի իր վաղվա օրվա նկատմամբ,  երբ հայկական Արցախը գտնվում է շրջափակման մեջ, իսկ թշնամին մեր պետության տարածքում։

Եվ դուք ձեր որոշումը կայացրել եք հենց այս իրավիճակը փոխելու համար։

Քիչ հետո Արամ Մանուկյանին նվիրված հուշաքարի մոտ դուք պետք է երդվեք հավատարիմ մնալ Դաշնակցության գաղափարներին և կյանքի գնով ծառայել մեր ժողովդին։

Եվ այդ երդումով դուք կմիանաք աշխարհով մեկ սփռված դաշնակցական մեծ ընտանքին, ընտանիք, որի անդամներն անկախ իրենց գտնվելու վայրից, զբաղեցրած դիրքից անում են հնարավորն ու անհանարը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի։

Սիրելի ընկերներ, ձեր որոշումը որքան կարևոր, նույնքան էլ պարտավորեցնող է. Միանալով Դաշնակցությանը՝ դուք միանում եք 133 տարիների պատմությանը՝ պարտավորվելով շարունակել այն։

Միանալով դաշնակցությանը՝ դուք ձեր կյանքն ու ճակատագիրը  անքակտելի թելերով կապում եք ձեր հայրենիքի և ժողովրդի ճակատագրին։ 

Դաշնակցությունը նաև գաղափարակիր նվիրյալների կազմակրպություն է, որտեղ հայ մարդը զինվորագրվում է հայրենիքը և սեփական ժողովրդին ամեն գնով պաշտպանելու գործին։

Միակ բանը, որ դաշնակցությունը կարող է առաջարկել հայ ժողովդի շահերի պաշտպանությանը զինվորագրված մարդուն դա պայքարն է՝ հաճախ դժվարին, երբեմն անհնարին թվացող, զոհաբերություններ պահանջող, սակայն արժանապատիվ և կենսական պայքարը, ապրեցնող և ուժ տվող պայքարը։

Այս խորհրդանշական վայրից դիմում եմ Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին՝ սիրելի քույրեր և եղբայրներ, հարյուր հազարավոր հայրենակիցներ ձեր կողքին են, ու քանի դեռ կան երիդասարդներ ովքեր պատրաստ են երդվել կյանքի գնով պաշտպանել իրենց հայրենիքը, դուք միայնակ չեք՝ աշխարհասփյուռ հայությունը Արցախի և արցախցու կողքին է։

Սիրելի հայրենակից, այսօր մեր ճակատագիրը տնօրինում են Հայաստանի իշխանության ղեկին հայտված թուլամորթ, բախտախնդիր, թշնամու առաջ ծնկի եկած,  արժանապատվություն չունեցող մի խմբակ, ովքեր սեփական ժողովրդին և բանակին մեղադրում են դավաճանության, դասալքության և վախկոտության մեջ, դրանով փորձելով կոտրել ժողովրդի արժանապատվությունը և երկիրը տանել նոր կապիտուլիացիայի։

Սիրելի հայրենակիցներ, մեր ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատերազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է, պարզապես այսօր այդ ժողովրդին փորձում են ղեկավարել դասալիքները, դա է ընդամենը փոխվել։ Մեր ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում հաղթած նույն ժողովուրդն է և բոլոր փորձերը՝ ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի, ձախողվելու է։ Հայ ժողովրդի ոգին չի մեռել, հայ մարդը չի հանձնվելու, և այսօրվա իշխանության առաջարկած բանաձևն է՝ հանձնվել հանուն փրկության, որը մենք մերժում ենք։

Փրկության ճանապարհը պայքարն է, պայքար հանուն մեր իրավունքների։ Այլ ճանապարհը ինքնաոչնչացման ուղի է, որը որդեգրել է այս իշխանությունը։ Մենք պատրաստ ենք լինել այդ պայքարի և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Միայն միասնությամբ, պայքարով և դիմադրությամբ է հնարավոր փրկվել, և այսօր այս խորհրդանշական վայրից մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ միասնականություն, դիմադրություն և  պայքար։