կարևոր
2392 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 12:29
Քաղաքական

Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության. Փաշինյան

Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության. Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ–ներում իրավիճակը ներկայացվել է որպես «բլոկբաստեր», սակայն հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղու փոփոխության մասին։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Լաչինի միջանցքի երթուղին փոխվել է, գործարկվել է նոր ճանապարհ։

«Քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա Ադրբեջանի տարածք, ապա կրկին Հայաստանի տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այդ երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը»,– նշեց վարչապետը։

Նրա խոսքով` նախօրեին Հայաստանն ադրբեջանական կողմին հայտնել է, որ պայմանավորվածության համաձայն` Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։

«Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ սահմանին, այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված»,– ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց` ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել, որոնք փորձ են անում տեղի ունեցածը ներկայացնել որպես «հերթական բլոկբաստեր»։ Այս մոտեցումը, առնվազն, կառուցողական չէ։

Վարչապետը վստահեցրեց` հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Միակ փոփոխությունն այն է, որ Հայաստանը մտադիր է խնդրո առարկա հատվածի պահպանությունն իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով։ Նույն առաջարկով Երևանը դիմել է նաև պաշտոնական Բաքվին։

Նա հույս հայտնեց, որ գործընթացը կիրականացվի առանց սադրանքների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: