կարևոր
2734 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 12:28
Քաղաքական

Եթե ճապոնացիները կարողացել են սակուրայի ծաղկելը ստանալ, միրգը՝ ոչ, մենք էլ նույնը կարող ենք անել ծիրանենու պարագայում. Ավինյան

Եթե ճապոնացիները կարողացել են սակուրայի ծաղկելը ստանալ, միրգը՝ ոչ, մենք էլ նույնը կարող ենք անել ծիրանենու պարագայում. Ավինյան

Բոլոր ինվազիվ տեսակի ծառատեսակները, որոնք իրենց կենսունակության ավարտին են մոտեցել, պետք է փոխարինվեն, և դա, ընդհանուր առմամբ, 7-8 տարվա ծրագիր է, քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս ծառատեսակները պետք է փոխարինվեն՝ անկասկած», - ասաց Ավինյանը։

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, թե փոխարինվող 2500 ծառերից ընդամենը 150-ն է սակուրա։

«Բայց լրատվական հոսքից ինձ մոտ տպավորություն էր, թե մենք գնել ենք 2500 սակուրա։ Նշեմ, որ սակուրան միայն Ճապոնիայում չի աճում, Վաշինգտոնում էլ կա և, իրապես, շատ գեղեցիկ ծառեր են», - ասաց Ավինյանը՝ անդրադառնալով Կասկադի հին ծառերը սակուրաներով փոխարինելու քննարկումներին։

«Կասկադը Երևանի սիրտն է, և այդ սրճարանների մոտի բոլոր ծառատեսակները միանշանակ պետք է փոխարինվեն։ Թե ինչով պետք է փոխարինվեն, այն հարցերից է, որ պետք է դրվի հանրային քննարկման։ Գալիք 50-100 տարվա համար մենք նախանշում ենք, թե ինչ տեսք է ունենալու Կասկադը։ Այդտեղ երևանցիների կարծիքը կարելի է և պետք է հաշվի առնել։ Կարծում եմ, որ եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակից, որը բալենի է, ծաղկելը ստանալ, միրգը՝ չստանալ, մենք, վստահաբար, նույնը կարող ենք անել ծիրանենու հետ։ Խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Նա ասաց, թե Երևանում մոտ 200 հազար ծառ պետք է տնկել 7-8 տարվա ընթացքում։

«Սա նշանակում է, որ մենք չպետք է անընդհատ գնենք այդ ծառերը։ Պետք է ունենանք տնկարաններ, պետք է աշխատենք այդ տնկիների վրա և ստանանք այն տեսակները, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը»։