կարևոր
5158 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 20:09
Աշխարհ

Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց

Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել իր նպատակներին հասնելու համար. ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույց

ԱՄՆ ազգային անվտանգության տնօրենի գրասենյակը հրապարակել «Գլոբալ ռիսկեր» զեկույցը, որտեղ ի թիվս համաշխարհային տարբեր խնդիրների, անդրադֆարձ կա նաև մեր տարածաշրջանին և հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Զեկույցի այդ հատվածում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն՝ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի իրար մոտ լինելը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` ռազմական ճնշում գործադրել Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ մղելու համար: Զինված ուժերի շարունակական ներկայությունը սահմանազատված սահմանի երկայնքով բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»:

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիային: Այդ հատվածում նշվում է. «2021 թվականի մայիսից միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում սկսեցին սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան:

Խաղաղ բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց»: