կարևոր
4762 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 20:34
Հասարակություն

Այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով․ Ստեփան Դանիելյան

Այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով․ Ստեփան Դանիելյան

«Ներկայիս «արևմտամետների» ու «ռուսամետների» առճակատումը հայ ժողովրդի կյանքում նոր ֆենոմեն չի: Ավելին, դա ունի պատմական ու հոգեբանական խորքային արմատներ, ինչը տարբեր պատմական փուլերում տարբեր կերպ է արտահայտվել, սակայն բովանդակության առումով այն անփոփոխ է:

Հայ ժողովրդի պատմությունը կարելի է դիտարկել որպես արտաքին տարբեր կողմնորոշում ունեցող խմբերի միջև անզիջում պայքար, ինչը պարբերաբար հանգեցրել է ներազգային թշնամության: Որն է դրա բովանդակային, կամ անգամ աշխարհայացքային բացատրությունը:

Այս երևույթը փորձենք հասկանալ կոնկրետ մի օրնակի միջոցով: Ավարայրի ճակատամարտը մեր պատմության մեջ ներկայացվում է որպես կրոնական պայքարի արգասիք, այսինքն, պարսիկները ցանկանում էին հայերին կրոնափոխ անել, սակայն հայ ժողովուրդն, ազնվականների ու շինականների  միասնության շնորհիվ հանուն հավատքի դուրս էին եկել պայքարի:

Անգամ պատմությանը թռուցիկ հայացք ձգելը բավական է հասկանալու համար, որ իրականում հայ ժողովուրդն այդ ժամանակ բաժանված էր երկու քաղաքական հատվածի և Ավարայրի ճակատամարտն իրականում քաղաքացիական պատերազմ էր: Դա հռոմեական ու պարսկական կողմնորոշումներ ունեցողների միջև քաղաքացիական պատերազմ էր, որտեղ կրոնն այն քաղաքական բանաձևն էր, որի միջոցով այդ ջրբաժանը գծվում էր:

Հետագայում նույն պատկերը պարբերաբար կրկնվում է:

Այդ ժամանակ Պարսկաստանի ճնշման հետևանքով հայերը բաժանվեցին երկու մասի՝ քաղքեդոնականնների՝ Հռոմի տիրապետության տակ գտնվողները, և հակաքաղքեդոնականների՝ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվողները:

Հետաքրքրական է, որ երբ արաբական արշավանքների հետևանքով Պարսկաստանը փլուզվեց, քաղքեդոնականններն ու հայ հակաքաղքեդոնականները, 633 թվականին, Եզր Ա կաթողիկոսի և Բյուզանդիայ հայազգի կայսր Հերակլի  հետ մեկ միասնական հավատի բանաձևի շուրջ հետ եկան համաձայնության՝ Դա ՄԻԱԿԱՄՈւԹՅԱՆ բանաձևն էր: Խոսքը Հիսուսի երկու բնույթների, մարդկային ու աստվածային, հարաբերություններին է վերաբերում, ինչն իրականում քաղաքական նշանակություն ուներ:

Չկար Պարսկաստան, չկար նաև արտաքին կողմնորոշումների խնդիր, սակայն, երբ մեր տարածաշրջանում հաստատված արաբները սկսեցին համակարգված քաղաքականություն վարել, իրենց տիրապետության տակ եղած հայերին ստիպեցին տարանջատվել Բյուզանդիայից:
726-ին, Հանհաննես Օձնեցի կաթողիկոսը, Մանազկերտի ժողովում, նորից տարանջատվում է քաղքեդոնականներից՝ հռոմեացիներից: Այսինքն, նորից արտաքին կողմնորոշումների խնդիրը դառնում է արդիական, բնականաբար, արտաքին քաղաքական ճնշումների ազդեցությամբ:

Առաջ արտաքին կողմնորոշումներն արտահայտվում էին կրոնական միավորումներով ու տարանջատումներով, կրոնական այս, կամ այն դոկտրինի ընդունման միջոցով, հիմա նույն բանը կատարվում է «ժողովրդավարության» ու «ավտորիտարիզմի» մասին դոկտրիններով: Իմաստը միայն քարոզչական է, քաղաքական նպատակներով:
Ոչինչ չի փոխվել, ազգային շահ ձևակերպել չկարողանալով, ինչպես առաջ, մենք կրկին տարանջատվում ենք ըստ արտաքին կողմնորոշումների՝ արտաքին պատվերներով, արդյունքներն էլ նմանապես ողբերգական են լինելու:

Հերթական անգամ «դեմոկրատ-քաղքեդոնականների» ու «ավտոկրատ-հակաքաղքեդոնականների» խաղը նորից կրկնելու համար մենք ոչ մի ռեսուրս արդեն չունենք:
Մենք այս վիճակից կարող ենք դուրս գալ ազգային շահի հստակ ձևակերպման միջոցով, մեր գիտակցության միջից հանելով արտաքին կողմնորոշումներն, այսինքն դրսում տեր փնտրելու մոլուցքը:

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ