կարևոր
3700 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-01 16:12
Քաղաքական

Թացը չորի հետ խառնելով` Նիկոլը շարունակում է Մարտի 1-ի գործը օգտագործել սեփական քաղաքական շահերի ու նպատակների համար․ Գագիկ Համբարյան

Թացը չորի հետ խառնելով` Նիկոլը շարունակում է Մարտի 1-ի գործը օգտագործել սեփական քաղաքական շահերի ու նպատակների համար․ Գագիկ Համբարյան

Մարտի 1-ից հետո ունենք այն, ինչ-որ պետք է ունենայինք։ Ունենք հետաձգված իշխանափոխություն, որովհետև, եթե 2008 թ․-ի մարտի 1-ին Նիկոլն ու իր հետինները իշխանության գային, ապա 44-օրյա պատերազմը ավելի շուտ կլիներ, շուտ Հայաստանը կհայնվեր խայտառակ իրավիճակում, ավելի շուտ Ադրբեջանը իր ագրեսիվ քաղաքականությունը կցուցաբերեր ՀՀ-ի նկատմամբ, ավելի շուտ Հայաստանում կհաստատվեր թավշյա հեղափոխական դիկտատուրան։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Մարտի 1-ի դեպքերի շնորհիվ մենք մոտ 10 տարով հետաձգեցինք այդ աղետը, բայց ամեն դեպքում այդ աղետը չոքեց Հայաստանի դուռը և 2018թ․-ի իշխանատեղափոխությունից հետո մենք հայտնվեցինք այն իրավիճակում, որտեղ պետք է  հայտնվեինք 2008 թ․-ին։ Ունենք շատ զավեշտալի մի իրավիճակ, ամբողջ դատաիրավական համակարգը իր գրպանում տեղակայած Նիկոլ Անհողը այսօր հայտարարում է, որ մարտի 1-ի գործը կրկին բացահայտված է, բայց դեռ մեղավորները պատժված չեն։ Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, մարտի 1-ի մեղավորներից մեկը հենց ինքն է` սադրիչ գործիչը, ով կոչ էր անում ցուցարարներին հարձակվել ոստիկանների վրա, խլել նրանցից զենքը և սաղավարտները, կազմակերպել անհնազանդություններ։ Դրա վերաբերյալ կան և՛ ձայնագրություններ, և՛ տեսանյութեր, թիվ մեկ մեղավորներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով` դատաիրավական համակարգը ինքնախայտառակման և ինքնաոչնչացման է գնում՝ կատարելով գործող իշխանությունների պատվերները․

«Բազմաթիվ դատավորների զրկում է լիազորությունից, շատերին պատժի է ենթարկում, խայտառակում է Սահմանադրական դատարանը։ Իրենց սրտի դատավոր  Սեդա Սաֆարյանը, պարզվում է, Սահմանադրական դատարանի դատավոր լինելով զբաղվում է նաև բիզնես գործունեությամբ՝ փաստաբանությամբ։ Շատ զարմանալի է, որ այսպիսի դատական համակարգի պայմաններում Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց գտնել մարտի 1-ի մեղավորներին և պատժել։ Հիմա անձը կրկին հայտարարում է, որ մարտի 1-ը բացահայտված է։ Քանի որ նա ոչ մի ապացույց չունի, նա դեղին լրատվամիջոցի կարկառուն ներկայացուցչի վարքագիծ է դրսևորում ապացույցների որևիցէ անուն չտալով, բայց ակնարկներ անելով՝ մեղադրում է սրան կամ նրան, ես էլ իրավունք ունեմ ապացույցներ ներկայացնելով մեղադրել այդ գործի մեջ Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա։

Անդրադառնալով Մարտի 1-ին նվիրված հուշարձանի բացմանը` քաղաքագետը նշեց, որ հիմա Հայաստանում հայրենիքի համար զոհվածներին չեն երկրպագում․

«Այսօրվա դրությամբ թիվ մեկ կուռքը Նիկոլն է, և այն անձիք, ովքեր ակամայից լավություն են արել Նիկոլին, որպեսզի նա գա իշխանության, նույնիսկ այս զոհվածները, Նիկոլի համար դառնում են կուռքի նման մի երևույթ։ Մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի նման անձնավորությունը և բազմաթիվ գործիք գործիչներ օգտագործեցին սեփական օգուտների համար։ Մենք բոլորս էլ գիտենք, որ մարտի 1-ի դեպքերը ողբերգություն էր, բայց այդ ողբերգությունը հիմնականում վերաբերվել է զոհվածների ընտանիքներին։ Մյուս բոլոր մարդիկ, ովքեր ներքաշված են մարտիմեկյան դեպքերի մեջ և անընդհատ թմբկահարում են, նրանք շատ կեղտոտ խաղեր են անում և փորձում են օգուտ ստանալ այդ ամենից։ Պատահական չէր, որ Նիկոլ Փաշինայնը մարտի 1-ի դեպքերը փաթաթան էր դարձրել։ Ինքը մարտի 1-ի դեպքերի հիման վրա էլ հետագայում եկավ իշխանության։ Հասարակությանն էլ համոզեց, որ մարտի 1-ը ողբերգություն էր։ Ողբերգություն էր այդ ընտանիքի անդամների համար։ Տասնյակ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները, որոնք անհաջողությամբ են ավարտվել միլիոնավոր մարդկանց զոհերի պատճառ են դարձել։ Որևիցէ երկրում չեք տեսնի, որ այդ իշխանությունը այդ ամենը դարձնի մատի փաթաթան։ «Դեղին ժիլետների ապստամբությունը» Ֆրանսիայում մոտ 200 մարդկանց զոհվելու պատճառ է դարձել, տեսել ե՞ք որևիցէ քաղաքական գործչի Ֆրանսիայում, որ այդ ընդվզումների ժամանակ սոված մարդկանց մատի փաթաթան դարձնի։ Չեք տեսել, որովհետև որոշ չափով բարոյական են Ֆրանսիայի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Մեր նախկին ընդդիմությունը, որը հիմա իշխանության է եկել, ուղղակիորեն փայլատակում է իր անբարոյականությամբ և մարդկանց ողբերգությունը սեփական շահերի համար ծառայեցնելու յուրահատուկ մի կծիկ է»,- ավելացրեց քաղաքագետը։

Պատմաբանի համար զարմանալի է մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացումը․

«Այդտեղ կան մարդիկ, ովքեր հանցագործություն են գործել։ Ո՞ւմ հաշվին Նիկոլ Փաշինյանը 30 միլիոն դրամները տվեց, ես համաձայն եմ, որ նրանք պետք է փոխհատուցում ստանային, բայց ո՞ւմ հաշվին, պետությա՞ն։ Երբ մարտի 1-ի վերաբերյալ դատարանը մեղադրական որոշում կայացներ և մեղավորներին գտներ, այդ ժամանակ էլ թող այդ մեղավորների գրպաններից տային այդ գումարները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետական գումարներ է բաժանում մարտի 1-ի զոհերին, որն ինձ համար կաշառք է, զոհերի հարազատներին կաշառելու միջոց է։ Եթե չկա մեղադրանք, որը պետք է հենց ինքը կոմպենսացներ, իր մեղավորության պատճառով զոհվածների ընտանիքներին, պետությունը որպես ի՞նչ է կոմպենսացնում։ Ես էլ կարող եմ ենթադրել, որ Սարգիս Քլոյանի նման անձը, երբ հակաընդդիմադիր հայտարարություններ է անում, պատվեր է կատարում, որովհետև մարտի 1-ի զոհերին գումար բաժանելը համարում եմ կաշառք»,- նշեց նա։

Քաղաքագետն ավելացրեց, որ բացարձակ պետք չէ զարմանալ, որ այս իշխանությունները և նրանց երկրպագող մասսայի համար հերոսը ոչ թե Անդրանիկն է, ոչ թե Գևորգ Չաուշը, ոչ թե Մոնթե Մելքոնյանն է, այլ՝ մարտի 1-ի անկարգությունների հեղինակները ու մասնակիցներն են, որոնց համար այսօր ինքը արձան է կանգնեցնում․

«Մենք ապրում ենք հենց այն ժամանակաշրջանում, որ հանցագործությունների մեջ մեղադրվող այդ զոհված անձինք, դա չի վերաբերվում բոլորին, բայց կան մարդիկ, ովքեր մեղադրվում էին անկարգություն կազմակերպելու մեջ, բայց զոհվել են և այդ մարդկանց հիշատակին արձան է կանգնեցվում, բայց այնտեղ կային ոստիկաններ ովքեր, այո՛, իրենց կյանքը զոհել են անկարգությունները կանխելու համար։ Ինչպես գյումրեցին է ասում՝ թացը չորի հետ խառնելով Նիկոլը շարունակում է մարտի 1-ի գործը օգտագործել սեփական քաղաքական շահերի ու նպատակների համար»,- ասաց նա։

Լ.Ա.