կարևոր
14551 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-21 17:34
Հասարակություն Քաղաքական

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պետական բուհերի ցանկում Երևանի պետական համալսարանը չկա

ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պետական բուհերի ցանկում  Երևանի պետական համալսարանը չկա

Ուսանողների հետ տարբեր ձևաչափերով և ծրագրերով հանդիպումների ընթացքում նրանց կողմից անընդհատ բարձրացվել է ՀՀ պետական բուհերի ուսանողներին հանրակացարանով ապահովելու հարցը: Եվ այդ կապակցությամբ գրավոր դիմել եմ  ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հետևյալ հարցապնդմամբ.

«Ինչպիսի՞ն է ՀՀ պետական բուհերի ուսանողների կողմից հանրակացարաններով ապահովելու պահանջվածության մակարդակը, և ըստ այդմ՝ հանրակացարաններով ապահովման մակարդակը:

Նախատեսվու՞մ է արդյոք որևէ ծրագրի իրականացում, որը կնպաստի մարզերից եկած ուսանողներին բարենպաստ բնակարանային պայմաններով ուսանողական հանրակացարանների տրամադրմանը »:

Ես խնդրել էի ներկայացնել բոլոր պետական բուհերի ցանկը, նրանցում ուսանողական հանրակացարանի առկայությունը:

Եվ Ձեր դատին եմ ներկայացնում նախարարի պատասխանը.

««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նախատեսվում է բուհերի ենթակառուցվածքների, այդ թվում հանրակացարանների բարելավում  և համալրում, ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության, հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ստեղծում»:

Փաստորեն, այդ կարևոր հարցի լուծումը կարող է իրականացվել լավագույն դեպքում  մինչև 2030թ-ը:

Կից գրությամբ ինձ ներկայացվել էր  նաև տեղեկատվություն պետական բուհերի ենթակայությամբ գործող հանրակացարանային ֆոնդերի վերաբերյալ՝ 16 պետական բուհի անվանում, յուրաքանչյուրի համար նշելով հանրակացարանի առկա կամ ոչ առկա լինելը:

Սակայն ինձ համար մտահոգիչ ու զարմանալի էր, որ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված պետական բուհերի ցանկում Երևանի պետական համալսարանը չկա:

Նշեմ, որ Հայաստանում գործում են 16 պետական  բուհեր, ինչը փաստել է անձամբ ԿԳՄՍ ներկայացուցիչը: Ինձ տրամադրված ցանկում նույնպես նշված էր 16 անուն, բայց առանց ԵՊՀ-ի, փոխարենը ցանկում տեղ էր գտել «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա Գիտակրթական միջազգային կենտրոնը», որի վերաբերյալ իմ ճշտող զանգին պատասխանած ԿԳՄՍ աշխատակիցը /նույն ինքը կատարողը/ նշեց, որ իր կարծիքով այդ կենտրոնը պետական բուհ չէ:

Ստացվում է, որ բուհերի ցանկի անհրաժեշտ 16 անունը լրացվել է, բայց առանց ԵՊՀ-ի և դրա փոխարեն՝ ոչ պետական բուհի անունով:

Սա անփութությո՞ւն է, թե ավելի վտանգավոր փաստի արձանագրում:

Եթե նույնիսկ անփութություն է, ապա ստացվում է, որ հասել ենք մի իրավիճակի, երբ պետական բուհ ասելով Երևանի պետական համալսարանը ոչ միայն առաջնային չէ, այլ նաև կառավարությունում  չեն հիշում:

Արմենուհի ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր