կարևոր
3004 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-15 12:37
Քաղաքական

Անհրաժեշտ է ՀՀ տարածքում ավելացնել հակակարկտային կայանքների թվաքանակը. Գառնիկ Դանիելյան

Անհրաժեշտ է ՀՀ տարածքում ավելացնել հակակարկտային կայանքների թվաքանակը. Գառնիկ Դանիելյան

Սիրելի հայրենակիցներ, ինչպես նշել էի պատգամավորական մանդատս ստանձնելիս, իմ թիրախում լինելու է նաև գյուղատնտեսության ոլորտը։

Այս անգամ կանդրադառնամ հակակարկտային կայանքներին, դրանց թվաքանակին, արդյունավետությանը։

Շրջակա միջավայրի նախարարին հարցմանս ի պատասխան տեղեկացա, որ ՀՀ տարածքում տեղադրված է 628 գազագեներատորային հակակարկտային կայանք, որից 13-ը՝ Տավուշի մարզում, այն էլ՝ միայն Նոյեմբերյան խոշորացված համայնքում։

Կարծում եմ, որ ինչպես ՀՀ ողջ տարածքի, այնպես էլ՝ Տավուշի մարզի համար սա չափազանց քիչ թվաքանակ է։

Ստացվում է, որ նման կայանքների սակավության պատճառով վնասվում է բերքը, տուժում է գյուղատնտեսությունը։

Ահռելի վնասներ է կրում գյուղացին, որի ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է։ Շատ հաճախ տուժում է նաև քաղաքացիների գույքը։

Կառավարությունը ակտիվ միջոցներ պետք է ձեռնարկի և հրատապ լուծում տա այս խնդրին։

Մասնավորապես՝

  • Անհրաժեշտ է ավելացնել հակակարկտային կայանքների թվաքանակը ինչպես Տավուշում, այնպես էլ՝ ողջ ՀՀ տարածքում։
  • Եթե արձանագրվի, որ գազագեներատորային հակակարկտային կայանքները արդյունավետ չեն և իրենց չեն արդարացնում, պետք է փոխարինվեն նոր, ավելի ժամանակակից հակակարկտային կայանքներով, ինչպիսիք են՝ օդանավայինը, հրթիռայինը։
  • Հաշվի առնելով շատ երկրների փորձը, մի շարք մասնագետներ կարևորում են նաև պասիվ մեթոդների կիրառումը՝ ինչպիսիք են ցանցապատումը և ապահովագրությունը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և չափել նաև այս մեթոդների արդյունավետությունը ևս։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ