կարևոր
3367 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 18:45
Աշխարհ

Պենտագոնը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնություն ստանալու գործընթացը

Պենտագոնը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնություն ստանալու գործընթացը

Միացյալ Նահանգների վարչակազմը պարզեցրել է Վրաստանի կողմից ռազմական օգնության ստացման գործընթացը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը փետրվարի 9-ին Վրաստանի իր պաշտոնակից Ջուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպման ժամանակ։

«Այսօր ես ուրախ եմ հայտարարելու, որ մենք հաստատել ենք Վրաստանին ռիսկերի գնահատմամբ օգնության տրամադրման ժամանակացույցը, այնպես որ Վրաստանը կկարողանա կենսականորեն անհրաժեշտ ռազմական միջոցներ խնդրել և ձեռք բերել ավելի պարզեցված կարգով: Այս որոշումն արտացոլում է այն կարևորությունը, որը մենք տալիս ենք պաշտպանության բնագավառում մեր երկկողմ հարաբերություններին և մեր գործընկերությանը», – Օսթինի խոսքերն է մեջբերում Պենտագոնի մամուլի ծառայությունը: Հունվարին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ծանուցել Է Վրաստանին 33 միլիոն դոլարի ռազմական օգնություն ուղարկելու իր մտադրության մասին։

Ըստ Պենտագոնի ղեկավարի՝ վերջին ժամանակներս «Վրաստանը խորացրել է իր կապերն Արևմուտքի հետ և պահպանել եվրատլանտյան ինտեգրման՝ իր ուղին»։ «Եվ այս ընթացքում Վրաստանն զգալի ներդրում է ունեցել գլոբալ անվտանգության բնագավառում», – ասել է նա։ Օսթինը հիշեցրել է, որ Վրաստանի ռազմական ստորաբաժանումները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողքին ծառայել են Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում: Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Վրաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գործում:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թ. հոկտեմբերին Օսթինը և Բուրչուլաձեն հանդիպել են Վրաստանում, որտեղ ԱՄՆ նախարարը հայտարարել Է Վրաստանի պաշտպանության և զսպման ամրապնդման նախաձեռնության մասին։ «Սա նոր երկկողմ ծրագիր է՝ ուղղված Վրաստանի զինված ուժերում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում կարևոր բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև դրանց տարածքային պաշտպանության կարողությունների և դիմակայունության մեծացմանը», – ասել է Պենտագոնի ղեկավարը։ Բուրչուլաձեն իր հերթին հայտնել է, որ Վրաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը, որը կարևոր է Վրաստանի պաշտպանության և խաղաղ ու կայուն զարգացման համար:

Փետրվարի 6-ին Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից, Իսպանիայից և Շվեդիայից Javelin հակատանկային հրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի, ինչպես նաև այլ զրահահար զենքի գնման շուրջ։ Վրաստանի Հանրապետության ղեկավարությունը նախատեսում է նաև գնել փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրներ և շարժական զենիթահրթիռային համալիրներ: