կարևոր
4564 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 21:05
Արցախ Քաղաքական

Արցախցիներին բռնությամբ Ադրբեջանին ենթարկելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է․ Արցախի ԱԳՆ

Արցախցիներին բռնությամբ Ադրբեջանին ենթարկելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է․ Արցախի ԱԳՆ

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը։ Եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։ Այս մասին «Արցախպրեսսի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի իրավասության հաստատումը Արցախի ժողովրդի և նրա իրավունքների վրա փաստացի հավասարազոր կլինի սեփական հայրենիքից արցախցիների բռնի վտարմանը, եթե արտերկրում ինչ-որ մեկը կասկածներ ուներ այս հարցում, ապա Արցախի շրջափակմամբ և հումանիտար աղետի հրահրմամբ Ադրբեջանն ինքը ցրեց այդ կասկածները։ Այս մասին «Արցախպրեսսի» հետ զրույցում ասել է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։

«Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության ներկա փուլի էությունը հենց նրանում է, որ Ադրբեջանը ոչ միայն չի կարողանում երաշխավորել իրավունքները, այլև նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն է վարում Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու համար։ Արցախի ժողովրդի իրավունքներն ապահովելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններն ընդամենը քող են, որի հետևում Բաքուն կփորձի ավարտին հասցնել իր հանցավոր քաղաքականությունը։ Ադրբեջանի նախագահի վերոհիշյալ կոչը բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում ենթարկվել Բաքվին, լքել Արցախը, ակնհայտ է դարձնում, թե Ադրբեջանի նպատակներից որոնք են իրական, իսկ որոնք՝ պարզապես հնարք։ Մենք վճռականորեն մերժում ենք ցանկացած առաջարկ Ադրբեջանին մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ իրավազորությունը փոխանցելու վերաբերյալ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը առաջին հերթին առաջնորդվել Արցախում ապրող մարդկանց շահերով, որոնց սպառնում է վտարում հայրենիքից։ Արցախցիներին սպառնացող վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անտարբերությունն ու անգործությունը զանցաթողություն է, եթե չասենք՝ մեղսակցություն»,- նշել է նա։

Անդրադառնալով հակամարտության կարգավորման արցախյան պատկերացումներին նախարարը նշել է, որ բովանդակային տեսանկյունից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ուղղված լինի դրա սկզբնապատճառի վերացմանը՝ կապված  Արցախի ժողովրդի հավաքական իրավունքները ճանաչելու Ադրբեջանի չկամության հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական ուժի կիրառման հետևանքների շտկմանը։

«Ընթացակարգային տեսանկյունից հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բանակցությունների արդյունքում  կողմերի միջև համաձայնեցված որոշումների վրա։ Հենց դա է միջազգային իրավունքի պահանջը։ Մենք կողմ ենք Արցախի և Ադրբեջանի միջև  ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնման գաղափարին։ Ուղիղ բանակցությունների շրջանակում կարող ենք հասնել արդար և երկարաժամկետ խաղաղություն երաշխավորող համաձայնության։ Միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ միջազգային հանրության առաջարկությունները վկայում են, որ առկա է համընդհանուր ըմբռնում առ այն, որ Արցախի ժողովրդին բռնությամբ Ադրբեջանի իրավասությանը ենթարկելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերի խախտում է, իսկ այդ պլանի գործնական իրականացումը կհանգեցնի Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ բռնության և հետապնդումների ծայրահեղ դրսևորումների: Կոչ ենք անում միջազգային հանրությանը շարունակել ջանքերը՝  ուղղված միջազգային իրավունքի հիման վրա հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Հակամարտության կարգավորման մյուս ուղիները զանցաթողություն են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հանդեպ»,- ասել է նա։