կարևոր
3838 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-28 17:09
Քաղաքական

Ցավոք վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից․ Սեյրան Օհանյան

Բանակը մեր համար միշտ եղել է գործող կենդանի էակ և քանի այդ էակը գործող է, պետք է շնորհավորել նրա ծնունդը և ցանականալ, որ որքան էլ վիրավոր լինի՝ ապաքինվի։ Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Չի կարելի չխոսել մի վայրում, որը կոչվում է Եռաբլուր, որտեղ հանգչում են սպարապետից սկսած մինչև շարքային զինվորը, այն հերոսները, ում ջանքերի, նվիրումի շնորհիվ ձևավորել ենք բանակ։ Բանակ հաղթանակած և բանակ, որը անընդհատ կատարելագործվել է։ Ցավոք սրտի վերջին տարիներին նաև բանակին հարվածել են թիկունքից։ Այս պատերազմը եղել է դավադիր, պետությունը չի օգնել բանակին, որպեսզի մենք հաղթանակ ունենք, բայց այսօր մեզանից յուրաքանչյուրի գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ շարունակ մեզ պաշտպանել է։ Բանակը մեզ պաշտպանել է և յուրաքանչյուր ոք պարտավոր է այսօր բանակին պաշտպանել, որպես իր կենդանի զավակի և ամեն ինչով աջակցել, որ բանակը կայանա և փարատվեն այն բոլոր մտավախությունները, որ բանակը այսօր անվտանգության երաշխավորը չէ։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ չեն ուզում խոսել, շնորհավորել, կամ գաղտագողի գալիս-գնում են, ձևականություններ են ցուցաբերում, որովհետև բանակը նրանց համար խորթ է, որովհետև բանակի կայացման գործում  նրանցից շատ շատերը ոչինչ  չեն արել, նրանցից շատերը բանակում չեն ծառայել, չգիտեն ծառայության առանձնահատկությունները, դժվարությունները խորթ են, որովհետև այլ պայմանավորվածություններ ունեն»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ մեր երկրին խոստացել են խաղաղություն, խոստացել են, որ պետք է երկիրը կայուն զարգանա, բայց բերեցին պատերազմ, բազմաթիվ զոհեր․ «Եթե նույն այսօրվա ղեկավարությունը պատերազմի ժամանակ գնային, կանգնեին զինվորի ու հրամանատարի կողքին՝ մենք զոհեր քիչ կունենայինք և այստեղ  չէին գա ձևական ծնկի իջնեին, իբր մտահոգ են։ Ձևական են, որովհետև ոչինչ չեն արել բանակը կայացնելու համար։ Ես ամենամեծ ցանկացողներից մեկն եմ, որ այսօր բանակը ոտքի կանգնի։ Իր հնարավորություններով բանակը պարտավոր է ոտքի կանգնել որպես կառույց, առաջինը ոտքի կանգնի, մեջքը ուղղի և կատարի իր առջև դրված խնդիրը»,- ավելացրեց նա։