կարևոր
3706 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 10:42
Հասարակություն

Երեխեքը փող էին դրել՝ ջուր էին քաշել իրենց զորամասում․ «Հրապարակ»

Երեխեքը փող էին դրել՝ ջուր էին քաշել իրենց զորամասում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազատ գյուղում մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում պնդում է` տղաները չեն վառվել, վառել են: Նրա խոսքով` բանակում անտերություն է, սակայն իրենք չեն պատրաստվում ներել, առավել եւս՝ հանդուրժել մեղավորներին։ «Մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք, չենք թողնելու այսպես»,- ասում է Արամի պապիկը:

- Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` վառարանը բենզինով վառելու հետեւանքով է հրդեհ բռնկվել: Սակայն ոմանք չեն հավատում Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

- Չէ, նման բան չկա, դրանք լրիվ դավաճաններ ու մարդասպաններ են, էդ հայտարարողներն էլ են մարդասպան, հենց իրենք են սպանել:

- Ինչո՞ւ եք այդպես ասում, ո՞վ է սպանել:

- Ես եղել եմ դիահերձարանում, տվյալների համաձայն՝ երեխան ինչ դիրքով որ պառկած է եղել, էդ դիրքով էլ վառվել է: Տեղից վեր չեն կացել, ինչ դիրքով քնել՝ էդ դիրքով էլ վառվել են: Որ ասում են՝ տեղներից հելել են, սուտ ա, հեքիաթ: Ես կանգնեմ էդ սենյակի մեջտեղում, հինգ լիտր բենզին որ իմ վրա լցնեն, վեր կկենամ կգնամ….

- Բայց ո՞վ կարող էր տղաներին սպանել, ինչո՞ւ:

- Մարդասպանը բանակն ա: Իրենց միջից։ Թե որ մի աֆիցերն ա եղել, ես չգիտեմ:

- Հիմա դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

- Բողոքարկելու եմ, մինչեւ Եվրոպական դատարան գնալու ենք: Ես հիմա գնում եմ մեկ այլ ծնողի հետ հանդիպման, պիտի պայմանավորվենք, հասկանանք՝ ինչ ենք անում:

- Արամի թաղմանը բանակից կամ իշխանություններից որեւէ մեկը ներկա եղե՞լ է:

- Ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի որեւէ մեկը չի եկել:

- Պետությունից որեւէ ֆինանսական օժանդակություն ստացե՞լ եք:

- Որոշակի ծախսեր՝ թաղման հետ կապված։ Ես չէի ընդունում, ասացին, որ պետական ծախս է, պետք է անեն: Տարան երկու տարի թունավորեցին ու վառեցին: Բանակում բարդակ ա: Ես ամեն տեղ չեմ եղել, այնտեղ, որտեղ իմ թոռն է եղել, երեխեքն իրենց լավ էին զգում, զինվորը, որ գլխին տեր չունենա, լավ կզգա…. էդ ա վիճակը:

- Այդ զորանոցում տեղեկացանք, որ խմելու ջուր չի եղել, զինվորներից երկուսը գնացել են աղբյուրից ջուր բերելու:

- Խմելու ջուր կար քաշած, մի տասն անգամ ես եղել եմ էնտեղ: Երեխեքը փող էին հավաքել, նոր ջրագիծ փորել:

- Զինվո՞րն էր փող ծախսել ջրագիծ քաշելու համար:

- Երեխեքը փող էին դրել, ջուր էին քաշել: Իրենց մոտ միշտ շշով ջրեր են դրված եղել նաեւ:

- Ձեր կարծիքով՝ ո՞վ է այս ողբերգության պատասխանատուն, մի քանի զինվորականներ հեռացվեցին աշխատանքից:

- Պաշտպանության նախարարը եթե մարդ է, պիտի ասեր՝ էսքան երեխա մահացավ, առանց թուրքի հետ կռվելու, ավելի լավ է՝ ես հրաժարական տամ: Չտվեց: Ալեն Սիմոնյանն ասում է՝ պատժել ենք մի քանիսին: Ի՞նչ եք արել, տեղակալներին հանե՞լ եք, չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ: Մի երկուսին նստացրեք, չէ՞ որ 15 հոգի սպանվեցին: Էդ ի՞նչ եք խոսում, նստել եք տեղներդ: Անձամբ դիմելու եմ հետաքննություն սկսելու համար, մինչեւ Եվրոպական դատարան դիմելու եմ: Սրանք արդեն ծածկադմփոց արեցին: Ծածկադմփոցը եղավ էն ժամանակ, երբ Փաշինյանն ասաց՝ կանիստրը շփոթել են: Գլուխս ցավում ա, էլ սրանցից գլուխ չեմ հանում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։