կարևոր
7108 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-19 16:16
Քաղաքական

Թուրքական սպառնալիքներն ու Արսենյանի թրքասիրությունը

Թուրքական սպառնալիքներն ու Արսենյանի թրքասիրությունը

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության «երևելի» դեմքերից Գուրգեն Արսենյանը, ի շարս «նիկոլական» այլ պաշտոնյաների, հերթական անգամ փաստեց, որ իշխող ուժի համար Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելը վեր է ամեն ինչից` անգամ երկրի ինքնիշխանության ու անվտանգային սպառնալիքներից:

«…Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան», - ասել էր Արսենյանը:

Համակարգչային կամ այլ գերունակություններ պետք չեն, առավել ևս ԱԺ պատգամավորի համար, որպեսզի Google-ում կամ այլ որոնողական հարթակներում «Էրդողան» կամ այլ թուրք պաշտոնյայի անվան կողքը գրել հայեր, Հայաստան բառը և տեսնել, թե ինչ արդյունքներ է բերում:

Որոնման արդյունքներից նվազագույնը 1/3-րդը ցույց կտա Էրդողանի, Չավուշօղլուի, Աքարի (ՊՆ ղեկավար) և այլ թուրք պաշտոնյաների խոսքերը հայերի և Հայաստանի մասին:

Օրինակ, 44-օրյա պատերազմից հետո, Էրդողանը օկուպացված Ջրականում հայտարարել էր, որ  «անհրաժեշտ է Հաագայի Միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին «Ղարաբաղին հասցված վնասի և ավերածությունների համար». «Ղարաբաղին հասցված վնասը պետք է հասցնել Հաագայի դատարան և փոխհատուցում պահանջել։ Այսպիսով, անհրաժեշտ է նրանց անկյուն քշել»,-ասել է Էրդողանը։

Իսկ կորոնավիրուսի համավարակի ամիսներին` 2020 թ. մայիսին, Էրդողանը հայերին «թրի մնացուկ» էր անվանել. «Հայերը մեր թրի մնացուկն են, եւ հայերի հետ մեր գործն առայժմ ավարտված չէ»,- հայտարարել էր նա՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ «անավարտ գործի» մասին է խոսքը՝ թեպետ առանց այդ էլ, կարծես թե, ամեն ինչ հասկանալի է:

Էրդողանը նաև Հայոց ցեղասպանության կազմակերպիչներով էր սպառնում հայերին. «Թող այսօր Սուրբ լինի Էնվեր փաշայի հոգին: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի», - գովաբանելով Էնվեր փաշայի հիշատակը՝ նա, հավանաբար, ակնարկել է, որ եթե հայերը չընդունեն իրենց պայմանները, ապա նրանց սպասում է Արևմտյան Հայաստանի հայրենակիցների ճակատագիրը։

Էնվերից բացի, նա նաև Էնվերի եղբոր` Նուրի փաշայով էր ոչ ուղղակիորեն սպառնացել Հայաստանին. ««Շնորհավորում եմ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ազատագրման տարեդարձը, որը մեր բարեկամն է, եղբայրը և անբաժան մասը։ Ինչպես նախկինում, հիմա էլ մենք  կշարունակենք կանգնել  մեր ադրբեջանցի եղբայրների կողքին  նրանց արդար պայքարում»,-գրել է Էրդողանը՝  կից հրապարակելով Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Նուրի փաշայի լուսանկարը։ 

2019 թ. Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակով կազմակերպված միջոցառմանն էլ Էրդողանը ասել էր, որ ցույց կտան, թե ովքեր են այս տարածաշրջանի իրական տերերը:

Սրանք միայն վերջին 2-3 տարվա ցայտուն օրինակներն են, բայց դրանք հազարավոր են. չենք անդրադառնում 1991 թ.-ից անընդհատ հնչող, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի կամ ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի և այլ տասնյակ թուրք պաշտոնյաների սպառնալիքներին` ուղղված Հայաստանին, չենք ադնրադառնում, որովհետև եթե ՀՀ ԱԺ պատգամավորը իր կյանքի ընթացքում «չի նկատել» Թուրքիայի սպառնալիքները, «զոռբայությամբ» հրամցվող «խաղաղության դարաշրջանում» դժվար էլ երբևէ նկատի` սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը: