կարևոր
3322 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-10 20:07
Արցախ Քաղաքական

Հայաստանը աշխատանքներ է տանում Լեռնային Ղարաբաղի հարցում դաշնակիցներին փոխելու ուղղությամբ․ Զատուլին

Հայաստանը աշխատանքներ է տանում Լեռնային Ղարաբաղի հարցում դաշնակիցներին փոխելու ուղղությամբ․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Արեւմուտքին ներգրավել Ադրբեջանի հետ դիմակայության հարցում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ այս տարի նպատակահարմար չեն համարում զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ: Կազմակերպությունը ստացել է համապատասխան ծանուցում։

Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում, «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել Է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Այս իրավիճակում հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը որևէ բան չի անելու ՀԱՊԿ-ի հետ կապված, ոչ մի կերպ չեն ուժեղացնում Հայաստանին։ Այլ միայն վկայում են այն մասին, որ Փաշինյանի կառավարությունը դաշնակցի փոփոխության կուրսով է գնում՝ ցանկանալով տարածաշրջան ներգրավել Արևմուտքին։ Հույս ունենալով, որ Արևմուտքը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կօգնեն հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրները։ Բայց նրանք դա երբեք չեն արել, և չեն անի, վստահ եմ։ Որովհետև նրանց համար ամենակարևորը, հատկապես Միացյալ Նահանգների համար, այս տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն է։ Մնացած ամեն ինչը՝ հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց շատ քիչ է հետաքրքրում»։

Արեւմուտքի երկրների կարծիքի վրա կարող են ազդել հայկական սփյուռքները, որոնք պայքարում են Լեռնային Ղարաբաղի անկախության համար, կարծում է պատգամավորը: Սակայն դրանց հնարավորությունները սահմանափակ են, հավելել է Զատուլինը։

«Այդ պատճառով այն ամենն, ինչ հիմա տեղի է ունենում, Փաշինյանի կառավարության նավարումներն են, որն արդեն բացահայտ վերջին կես տարվա ընթացքում աշխատանք է տանում իր դաշնակիցներին փոխելու համար։ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք։ Եվ այն, որ այդ հայտարարությունները արվել են միաժամանակ, խոսում է այն մասին, որ նրանք Հայաստանի կառավարությունում խաղում են։ Մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ռուսական տարբերակը (Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորում), առանց ասելու, թե որ տարբերակը։ Իսկ մյուս կողմից էլ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ շատ լավ հասկանալով, որ ՀԱՊԿ — ը Ռուսաստանի կողմից ստեղծված միություն է»։