կարևոր
3385 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-05 12:45
Հասարակություն

Զոհված զինծառայողների ծնողների խնդրանքը հարգվել է. «Եռաբլուրում» արդեն տեղադրված շիրմաքարերի համար փոխհատուցում կտրվի

Զոհված զինծառայողների ծնողների խնդրանքը հարգվել է. «Եռաբլուրում» արդեն տեղադրված շիրմաքարերի համար փոխհատուցում կտրվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշեց գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալ:

Այս նախագծի ընդունումը պայմանավորված է 44-օրյա պատերազմից հետո մարտական գործողությունների և սույն թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների արդյունքում զոհված (մահացած) և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգմամբ (շիրմաքարերի տեղադրմամբ):

Սույն նախագծի ընդունման նպատակն է ավարտին հասցնել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի տեղադրման գործընթացը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՊՆ-ի և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված պայմանագրով նախատեսվել էր ձեռք բերել թվով 950 շիրմաքարեր: Մի շարք հարազատներ (այս պահի դրությամբ` 38 հոգի) իրենք են իրենց նախընտրած ձևով կառուցել և տեղադրել շիրմաքարերը` դրանց դիմաց խնդրելով փոխհատուցում:

Արդյունքում պայմանագրով նախատեսված շիրմաքարերի որոշ խմբաքանակ ենթակա կլիներ պահեստավորման, եթե «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չիրականացվեին սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների հուղարկավորություններ:

Առկա խնդիրների լուծման` մասնավորապես իրենց միջոցներով շիրմաքարեր տեղադրած հարազատների փոխհատուցման նպատակով զուգահեռ նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվելու փուլում է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է բացառություն կատարել զոհված զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մեջ և «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված թվով 38 անձանց հարազատներին տրամադրել հատուցում հիշյալ պայմանագրով տվյալ տեսակի շիրմաքարերի համար նախատեսված գումարի չափով:

Սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով նոր շիրմաքարերի (շուրջ 44 լրակազմ) ձեռքբերման համար մրցույթի հայտարարման փոխարեն առաջարկվում է երկարաձգել արդեն իսկ կնքված վերոնշյալ Պայմանագրի ժամկետը` օգտագործելով այն շիրմաքարերի խմբաքանակը, որոնք հարազատների միջոցներով շիրմաքարերի տեղադրման արդյունքում ենթակա են պահեստավորման: