կարևոր
3052 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 13:39
Քաղաքական

Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար․ Զախարովա

Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար․ Զախարովա

Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը:

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք կվերականգնվի»,–ասաց նա։

Զախարովան ընդգծել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, գտնվում է խաղաղապահների վերահսկողության տակ։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն։ Անընդունելի է խնդիրներ ստեղծել քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար»,– ասաց Զախարովան։

Նա նաև նշեց, թե պետք է մեկնաբանի ռուս խաղաղապահների նկատմամբ մերկապարանոց մեղադրանքներն ու սադրիչ գործողությունները.

«Որտեղից էլ դրանք ծագեն, մենք դրանք համարում ենք անթույլատրելի և ոչ արդյունավետ։ Ռուս խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»։

Զախարովան նշել է, որ ակնկալում են՝ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը լիարժեք կվերականգնվի։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։ Նույնը նաև դեկտեմբերի 12-ին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։