կարևոր
3673 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 12:31
Քաղաքական

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: Նման որոշում է ընդունել Կառավարությունը` նոյեմբերի 24-ի նիստում։

«Կարևոր կետերից մեկն այն է, որ նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։ Սա կարևոր բարեփոխում է մեր անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում»,- նշեց Անվտագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե, եթե անհրաժեշտություն լինի՝ ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել․ «Այո, ՊՊԾ-ն դառնում է վարչապետին ենթակա մարմին, ուզում եմ ընդգծել, որ սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է։ Մենք շատ ենք քննարկել, թե արդյոք արժի այսպիսի փոփոխություն անել, թե ոչ ու եկել ենք եզրակացության, որ արժի այդպիսի փոփոխություն անել, այդ թվում՝ ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնացնելու հնարավորություն տալով, իսկ մեր ընկալումն այն է, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ ԱԱԾ-ն պետք է շատ լուրջ կարողություններ ունենա»,- ասաց վարչապետը։

Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:

«Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայում օրենքի ուժով Հան­րապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպա­տակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշ­խիք նախատեսված չէ բարձ­րա­գույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առա­ջարկ­վում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահ­ման­վում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամու­սին, ծնող) համար ապահովվում է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տությունում գործող բժշկա­կան կազ­­­մակերպություններում բժշկական օգնու­թյունն ու սպա­սար­կումը՝ Հայաստանի Հան­րա­պե­տության պետական բյուջեի միջոցների հաշ­վին՝ Կառա­վա­րու­թյան սահմանած կար­գով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախա­գահի վրա:

Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչ­պես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկա­պակցված է նաև անվտանգության հետ»,- նշվում է որոշման նախագծում։