կարևոր
4813 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-18 11:45
Քաղաքական

Հիմա տրամադրված չեմ ծեծկռտուքի, բայց նաեւ չեմ փախչում ծեծկռտուքից․ «Հրապարակ»

Հիմա տրամադրված չեմ ծեծկռտուքի, բայց նաեւ չեմ փախչում ծեծկռտուքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  գրում է․

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 2 նոր պատգամավոր ունի, երկուսն էլ՝ ՀՅԴ-ական։ Նրանցից մեկը՝ Արգիշտի Գեւորգյանը, Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելուց հետո է համալրել «հայաստանցիների» շարքերը։ Նորահայտ պատգամավորն առաջին օրվա տպավորությունների մասին դժվարացավ որեւէ բան ասել, քանի որ «էդպես մեծ բանի ականատես չի եղել, որ տպավորվեր»։

«Էլի եղել եմ ես Ազգային ժողովում՝ սեպտեմբերի 13-14-ին, հիմա արդեն նիստերի դահլիճում պատգամավորական երդում եմ տվել։ Իմ ամբողջ գործունեությունը եղել է «Հայաստան» դաշինքի գործունեության շրջանակներում»,- ասաց Գեւորգյանը՝ նշելով, որ որեւէ հանձնաժողովում դեռ ընդգրկված չէ, բայց կընդգրկվի, հավանաբար՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում։

- Դուք ծանոթ եք, վստահաբար, թե այս մեկ տարվա ընթացքում ընդդիմությունն ինչ փորձությունների միջով է անցել խորհրդարանում՝ ծեծկռտուքներ, հարձակումներ ընդդիմության վրա։ Ի՞նչ եք կարծում, այժմ կհաջողվի՞ ավելի խաղաղ աշխատել իշխանության հետ, եւ եթե նորից նման իրավիճակներ լինեն, Դուք ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում այդ իրավիճակներում։

- Ես իմ կյանքում ոչ մի փորձությունից չեմ փախել ու չեմ խուսափել։ Դա կլինի փողոցային ծեծկռտուք, թե քաղաքական բուռն քննարկում, թե կլինի պատերազմ։ Ցանկացած բան, որ պատահել է, փորձել եմ իմ պատկերացրածի սահմանում դրա լուծումը գտնել։ Հիմա տրամադրված չեմ ծեծկռտուքի, բայց նաեւ չեմ փախչում ծեծկռտուքից։

- Ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց վերադառնալ ԱԺ։ Տարբեր մեկնաբանություններ կան, Ձեզ համար ընդունելի՞ է այն հիմնավորումը, որով այսօր խորհրդարանում եք։

- Այո, ընդունելի է, այո, մենք շռայլություն չենք կարող թույլ տալ որեւէ գործիքից հրաժարվելու, եւ եթե Ազգային ժողովն այդ գործիքներից մեկն է, դա անպայման պահել է պետք։ Այդ գործիքներից մեկը նաեւ փողոցային պայքարն է, նաեւ շատ այլ գործիքներ, որոնք պետք է պահել՝ վաղը մեծ փորձանքը, որ մեր գլխին կախված է, դրանից խուսափելու համար։

- Իսկ այս ամիսներին ինչո՞ւ չէիք օգտագործում այդ գործիքը։

- Այս ամիսների ընթացքում օգտագործվում էր ավելի շատ փողոցային պայքարը, նաեւ երբեմն ԱԺ դահլիճն է օգտագործվել։ Հիմա, էս դեպքում, քանի որ փողոցն ավելի պասիվ վիճակում է, անհրաժեշտություն կա Ազգային ժողովում լինելու։

- ՔՊ-ականներն ասում են՝ եղանակը ցրտեց, դրա համար ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան։

- ՔՊ-ականները շատ բան են ասում, նաեւ իրենք պարտությամբ են հպարտանում, նաեւ ասում են, որ նորմալ է, որ գերիներն ինչ-որ ժամանակ կմնան Բաքվի բանտերում՝ հանուն իրենց ընտրության։ Չեմ ուզենա մեկնաբանել իրենց ասածները, ինձ համար շատ ցավոտ է, որ իրենք, ընդհանրապես, իշխանության են ու էդ հարցերը մեկնաբանում են։

- Ամեն դեպքում, ստացվում է, որ դուք փողոցային պայքարում չհաջողեցիք, եթե չասենք՝ ձախողվեցիք, ու հիմա, այլ ելք չունենալով, ճարահատյալ վերադարձաք խորհրդարան։

- Մեծ իմաստով՝ հիմարություն է չընդունել, որ փողոցային պայքարն իր մեծ նպատակին չի հասել։ Այո, էդ մեծ նպատակն իրագործված չէ, դրա համար պետք է շատ աշխատել, օր ու գիշեր աշխատել, աշխատել ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ փողոցում, ե՛ւ մետրոյում, ե՛ւ ցանկացած տեղ՝ կողքիդ մարդուն բացատրելու, նկարագրելու իրավիճակը, հասկանալու, լուծումներ առաջարկելու։ Էդ իմաստով, իհարկե, մենք չենք հաջողել։ Եթե հաջողած լինեինք, էս իշխանությունը չէինք ունենա։

- Իսկ ինչո՞ւ չեք հաջողել։

- Գիտե՞ք, շատ հարցեր կան, որոնց մասին հիմա չեմ ուզենա խոսել հրապարակային, բայց դրանք՝ բոլորը, մեր նիստերում, ժողովներում, հանդիպումներում քննարկվում են, եւ անհրաժեշտ վերլուծություններ են արվում։

- Խորհրդարանում ի՞նչ եք փորձելու անել, որ հաջողեք, ո՞րն է լինելու ձեր օրակարգը։

- Իրական օրակարգի շրջանակներում ելույթներ ունենալ, մատնանշել դրանք եւ փորձել լուծումներ առաջարկել ու ցանկացած դեպքում պատրաստել փողոցը գալիք պայքարին։

- Ի դեպ, ձեր խմբակցությունում այս պահի դրությամբ կարծես 12 անդամ դաշնակցական է։ Տպավորություն է, թե դաշնակցական խմբակցություն է դարձել, ասել է թե՝ դաշնակները վերցրին «Հայաստան» խմբակցությունը։

- Դաշնակցականները, ոչ թե դաշնակները։ Վերցնելու հարց առհասարակ չունենք, մնացած բոլորի հետ էլ, ոչ դաշնակցականների հետ էլ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք։

- Հիմա ձեր իրական օրակարգը ո՞րն է լինելու, որքանո՞վ եք կարողանալու այդ օրակարգն առաջ մղել ու պարտադրել ՔՊ-ականներին, ովքեր, օրինակ, սոցիալական կամ ցեմենտի գնի հարց են քննարկում, թողնեն այդ հարցերն ու վերադառնան ձեր օրակարգին։

- Ինչքանով կհաջողվի՝ չգիտեմ, բայց այն, որ ամեն ինչ պիտի անենք, որպեսզի կարողանանք, պիտի փորձենք։ Ինչքանով կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա։

- Նաեւ ասում են, որ մանդատից զրկվելու վտանգ կար, ձեր գործընկերներն իրենց բացակայություններով հասել էին սահմանագծին, ու դրա համար նաեւ որոշեցիք վերադառնալ ԱԺ, որ այդ կարմիր գիծը չհատեք ու մանդատները պահպանեք։

- Էդ մանդատը չեմ գնել կամ նվեր չեմ ստացել, որ մի հատ էլ մտածեմ՝ պահպանե՞մ, թե՞ չէ։ Դա ժողովրդի կողմից «Հայաստան» դաշինքին տրված մանդատ է, եւ «Հայաստան» դաշինքը հիմա գտել է, որ պիտի լինի Ազգային ժողովում եւ ներկայացնի։ Դա իշխանության նվերը չէր, որ հիմա էլ պիտի հետ վերցնեին։ Ազգային ժողովը բոլոր պատգամավորներինն է, եւ մենք էլ հիմա ԱԺ-ում ենք։ Այսինքն՝ հատուկ մանդատը պահելու խնդիր չունենք։

- Նույնկերպ կարող են ասել, որ եթե ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ուրեմն եկեք խորհրդարան ու աշխատեք։ Եթե մանդատ է տվել, որ փողոցում ցույց անեք, ուրեմն այդ մանդատը ձեզ պետք չէ՝ առանց դրա էլ կարող եք այդ ցույցն անել։

- Ժողովուրդը մեզ մանդատ է տվել ե՛ւ ԱԺ-ում աշխատանքի, ե՛ւ փողոցային պայքարի միջոցով էս իշխանությանը հեռացնելու, Հայաստանի համար անվտանգային ավելի բարենպաստ պայմաններ բերելու համար։

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: