կարևոր
3082 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-16 15:57
Քաղաքական

Վստահ եմ, որ հիմա հետին թվով մեղադրանք է գրվում ինձ․ Արմեն Աշոտյան

Վստահ եմ, որ հիմա հետին թվով մեղադրանք է գրվում ինձ․ Արմեն Աշոտյան

Հերթական անգամ պետք է մեկնեի Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին մասնակցելու, նախապատրաստել էի ելույթներ և հանդիպման ընթացքում 99 տոկոս պետք է խոսեի Արցախի և 1 տոկոս ՀՀ-ում ստեղծված հակաժողովրդավարական վիճակի մասին, որովհետև մենք մեր կուսակցական կապերը ծառայեցրել ենք մեր ժողովրդի ու պետության խնդիրների արծարծմանը։ Երբ մոտեցա, անձնագրային ստուգման հատվածում ինձ ասացին, որ ձեզ չենք կարող թույլատրել լքել Հայաստանը, քանի որ մեզ ասացին, որ դուք մեղադրյալ եք ինչ-որ գործով և փոխացնեցին Քննչական կոմիտեի քննիչներից մեկի հեռախոսահամարը, ով քննում է Բժշկական համալսարանի` քաղաքական սկանդալի վերածված գործը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իրեն ՀՀ-ից դուրս գալ չթույլատրելուն։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ ծանուցում չունի մեղադրյալ լինելու վերաբերյալ, իր համար անհասկանալի է՝ ինչ գործով է անցնում ինքը և իր կարգավիճակը անհասկանալի է, քանի որ իրեն ոչ ոք չի ծանուցել այդ մասին։

«Խափանման միջոցի ընտրության հարցը նույնպես ապօրինի է, որովհետև ես ստորագրություն` չբացակայելու մասին չեմ տվել, որովհետև ես մեղադրյալ չեմ, ոչ ոք ինձ չի ծանուցել։ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պասերով են խաղում, ես վստահ եմ, որ հիմա հետին թվով մեղադրանք է գրվում ինձ, օդանավակայանում մեղադրանք չկար դեռ, մեղադրանքի կասկած կար, բոլոր դեպքերում այդ հետին մեղադրանքը չի հանելու խափանման միջոցի ապօրինի կիառման հարցը, դա չեն կարող «սվաղել»։ Երբ ասում էին` այդ տիկինը Փաշինյանի հերթական խամաճիկն է լինելու, ինչպես իրավապահ համակարգի ճնշող մեծամասնությունը, մեզ ոմանք չէին հավատում։ Գիշերը զանգում եմ փաստաբանին, փաստաբանս կապվում է ՄԻՊ գրասենյակի հետ ու այդտեղից ստանում ենք` «դե տեսեք, դա փակել են, առավոտ կտեսնենք, եթե լուրջ բան լիներ, տեղում կձերբակալեին»։ Առավոտ ՄԻՊ-ից զանգում են փաստաբանիս ու ասում են խոսել են ոստիկանության հետ և այնտեղ ասել են, որ Աշոտյանի սեկտը փակ չէ, սա որպեսզի հասկանաք ինչ  զավեշտալի իրականության մեջ է եփվում այդ բորշը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասաց նա։

Աշոտյանն ասաց՝ քրեական գործ հարուցելու հայցով կդիմեն դատարան։

«Այստեղ պետական կառավարման համակարգի պատկան մարմինների կողմից տեսնում ենք պաշտոնեական դիրքի չարաշահում։ Թող նրանք պատրաստվեն և «ջանները յուղեն»։ Այստեղ տեսնում եմ բացառապես քաղաքական մոտիվացիայով խոչընդոտելու փորձ՝ խոսելու մեր ազգային շահերի մասին այնտեղ, որտեղ այդ շահերը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պաշտպանում է, այլ վաճառում», - ասաց Աշոտյանը։