կարևոր
4000 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-05 12:57
Քաղաքական

Որո՞նք են Փաշինյանին ձերբակալելու հիմքերը․ «թմբուկ խփող դատավորի» արկածախնդրությունը

Որո՞նք են Փաշինյանին ձերբակալելու հիմքերը․ «թմբուկ խփող դատավորի» արկածախնդրությունը

Հինգ ամիս է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը, որն առավել հայտնի է՝ «թմբուկ խփող դատավոր» մականվամբ, Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու գործով դատական նիստ չի նշանակում։ 

Զոհված զինծառայողների ծնողների՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել դեռեւս այս տարվա հունիսի սկզբից, սակայն Դավիթ Արղամանյանը, որի դատավոր դառնալու ճանապարհին իշխանությունները կանաչ լույս են վառել 2018թ․-ին թմբուկ խփելու եւ «դմփ-դմփ-հու»-ին ձայնակցելու համար, դատական նիստի օր չի նշանակում։

Տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատել է զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Փաշինյանին ձերբակալելու բողոքը ներկայացվել է դատարան՝ հիմնավոր փաստերով, սակայն  մինչեւ հիմա Դավիթ Արղամանյանը դատական նիստ չի նշանակում։ Հիշեցում եմ գրել, որ հունիսից գործը Ձեր վարույթում է, ինչու՞ դատական նիստ չեք նշանակում, անգամ պատասխան չեմ ստացել։ Հասկանո՞ւմ եք, վախենում են նույնիսկ բողոքի քննություն իրականացնել։ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու համար փաստերը բավարար են։ Ես բազմիցս ասել եմ, որ եթե այդ փաստերը վերաբերեին մեկ այլ անձի, օրինակ նախարարի, նա վաղուց արդեն դատապարտվել էր»,-պնդում է Հովհաննիսյանը։

Փաշինյանին ձերբակալելու հիմնավոր փաստերից մեկն, ասում է, այն է, երբ դեկտեմբերի 20-ին բանավոր համաձայնությամբ Սյունիքի դիրքերը հանձնեց Ադրբեջանին։ Անցած տարվա դեկտեմբերից ադրբեջանցի սահմանապահները հայտնվեցին Սյունիքում, որովհետեւ Փաշինյանի կողմից եղավ զորքերի հետքաշման հրաման, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Սա նաեւ խոստովանեց Փաշինյանը։

«Ես երբեւէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբեւէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետեւ հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը: Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, եւ որոշում է կայացվել: Ինչո՞ւ է կայացվել այդ որոշումը: Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր՝ հիմա հնչեցվող քննադատությունները, կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու եւ իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ: Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի մենք ընդե՞ղ էինք կանգնած: Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած: Մենք եկել-հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ»,- 2021թ․-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։ 

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Փաշինյանին ձերբակակելու հիմք է նաեւ վերջինիս՝ թիվ մեկ ամբիոնից արված հետեւյալ հայտարարությունը․ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակն, իհարկե, առանց զոհերի: Ես, ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի, եւ թե՛ պարտության համար»։

Հովհաննիսյանն ասում է՝ Փաշինյանին ձերբակալելու դատախազություն ներկայացված միջնորդության մեջ գրել են նաեւ, որ նրա ձերբակալումը կարող է կանխել հետագայում այլ ավելի ծանր հետեւանքների առաջացմանը։ 

«Չձերբակալեցին, սեպտեմբերի 13-ի դեպքերը եղան, դրանից հետո ավելի անդառնալի հետեւանքներ եղան։ Ես փաստաբանի տեսանկյունից եմ ասում՝ եթե լինեի Փաշինյանի փաստաբանը, այս փաստերի առկայության դեպքում կհրաժարվեի պաշտպանել, կհորդորեի՝ մեղքն ընդուներ, քիչ պատիժ ստանար»,-ասաց Հովհաննսիսյանը։
MediaHub-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմյան եւ հետպատերազմյան գործողությունների համար առերեւույթ պետական դավաճանություն կատարելու եւ պաշտոնական լիազորություններն անցնելու համար Զինվորական քննչական գլխավոր վարչությունը Փաշինյանին չի կանչում հարցաքննության։ 44-օրյա պատերազմի քրեական գործով Նիկոլ Փաշինյանին հարցաքննության կանչելու միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունը դեռեւս այս տարվա մայիսին էր բավարարել։

Օդում կախված դամոկլյան սրի պես այս միջնորդությունները պահում են քաղաքական պատեհ առիթի դեպքում օգտագործելու համար։ Քանի դեռ Փաշինյանը քաղաքականապես ուժեղ է, դեռեւս վախենում են իր դեմ աշխատել, երբ Փաշինյանի դիրքերը թուլանան, կգործեն»։