կարևոր
4567 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-02 19:39
Քաղաքական

Մեկ շաբաթը շատ քիչ է, որպեսզի նախկինում զինվորական ծառայություն չանցած մարդիկ ինչ-որ զինվորական մասնագիտություն ձեռք բերեն․ Սեյրան Օհանյան

Մեկ շաբաթը շատ քիչ է, որպեսզի նախկինում զինվորական ծառայություն չանցած մարդիկ ինչ-որ զինվորական մասնագիտություն ձեռք բերեն․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարարության այդ ամբողջ գործընթացը այսօր չէ, որ սկսվում է, այն իրականացվում է պաշտպանության նախարարության ենթակառույցների օպտիմալացման ծրագրի հիման վրա։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 անշարժ գույքի ( որոնց մեջ մտնում են նաև Երևանում և մարզերում գտնվող զորամասերի շենքեր) օտարման հարցին, ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Շատ անշարժ  գույքեր կան, որոնք պետք չեն և շատ անշարժ գույքեր կան, որոնք որ ազատվում են այս կամ այն ծառայությունները, զորատեսակները միավորելու, կոնկրետ պաշտպանական, մարտական ենթակառույցները միավորելու արդյունքում։ Իսկ մնացածները, որոնք որ պետք չեն, պետք է օտարվեն, բայց դա օտարում է պետությունը, պաշտպանության նախարարությունը պարզապես տնօրինում է։ Հիմա ես չեմ կարող ասել, որ կառույցներն են օտարում, որ կառույցներն են վաճառում։ Մենք միայն գիտենք 71 թիվը, եթե իրականում արդյունավետ օպտիմալացում են անում, ապա դա, կարելի է ասել, ընդունելի է»,- ասաց նա։

Անդրադառնալով եռամսյա հավաքների ժամկետի կրճատմանը` նախկին նախարարը նշեց, որ որպես այդպիսին եռամսյա հավաքներ հասկացություն գոյություն չունի․

«Զինված ուժերի զորահավաքային պատրաստության ծրագրեր գոյություն ունեն, և այդ ծրագրերի հիման վրա է իրականացվում զորահավաքավի պատրաստականության խնդիրները։ Այնտեղ ոչ թե ժամկետներն են կարևոր, այլ միջոցառումների որակը, և միջոցառումների հիմքում պետք է ընկած լինեն․

1․ Յուրաքանչյուր զինվորական հաշվառման մասնագիտության նկատմամբ գոյություն ունեցող պահանջները, թե ում են ընդգրկում այդ զորահավաքային պատրաստականության միջոցառումներին, քանի տարի է անցել իր ժամկետային ծառայությունից հետո։ Եթե, օրինակ, ժամկետային ծառայությունից անցել է մոտավորապես 5 տարի՝  նրա համար ավելի հեշտ է վերականգնել իր մասնագիտական կարողությունները, եթե անցել է 5 տարուց ավել, ասենք 10, 20 տարի, ավելի դժվար է վերականգնել իր կարողությունները։

2․ Տարբեր մասնագիտությունների թվաքանակը, արդյոք լրացած է, թե` ոչ, և որքան ժամանակ է անհրաժեստ այս կամ այն մասնագետին վերապատրաստել այլ մասնագիտությունների համար։ Այսինքն՝ սկզբնական ժամանակներում անընդունելի է ոչ պատրաստված, ոչ վերապատրաստված մասնագետներին տանել այլ մասնագիտությունների խնդիրներ կատարելու առումով։ 

3. 2 շաբաթ պատրաստություն, որովհետև 1 շաբաթվա պատրաստության ծրագիրը շատ քիչ է, այնուհետև 2 շաբաթ հերթապահության իրականացում, բայց նորից եմ ասում պետք է հաշվառվեն ըստ իրենց ժամկետային ծառայության ժամանակ ձեռք բերված մասնագիտան, այնուհետև  պահեստազորում քանի անգամ են իրենք վերապատրաստվել, եթե պետք է վերապատրաստվեն այլ մասնագիտություններով, դրանց ժամկետը, և ինչ մարտական հերթապահության է ինքն ընդգրկվում։ Պետք է ընդգրկվի մարտական հերթապահության` իր զինվորական հաշվառման մասնագիտության համաձայն», - նշեց ՊՆ նախկին նախարարը:

Պատգամավորի կարծիքով` այն մարդիկ, ովքեր նախկինում չեն անցել զինվորական ծառայություն, մեկ շաբաթը շատ քիչ է, որպեսզի իրենք ինչ-որ զինվորական մասնագիտություն ձեռք բերեն։