կարևոր
2530 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 10:33
Հասարակություն

Ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունները և կոչերը նախատեսվում է դարձնել քրեորեն պատժելի

Ինքնիշխանությունից հրաժարվելու գործողությունները և կոչերը նախատեսվում է դարձնել քրեորեն պատժելի

ՀՀ արդարադատության նախարարությունն «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում» քննարկման է դրել ՀՀ քրեական օրենսգրքում  լրացումներ կատարելու օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններ կատարելու համար սահմանել տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագծում նշված է. «Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 421-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «խախտելուն» բառից հետո լրացնել «կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը՝

պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով:»: 

Հոդված 2. Օրենսգրքի 422-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «խախտելուն» բառից հետո լրացնել «, ինքնիշխանությունից հրաժարվելուն,» բառերով: 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

Նախագծի հակիրճ բնութագրով  պարզաբանվում է. «Նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:

Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»։

ՀՀ քրեական օրենսգրքի 421 և 422-րդ հոդվածներում լրացումներ լրացումներ կատարելու օրենքի նախագիծ քննարկման համար հասանելի կմնա մինչև նոյեմբերի 6-ը։