կարևոր
2911 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-22 11:05
Քաղաքական

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Փաստ»

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Մենք դեռ փետրվարի վերջին տեղեկացրել էինք, որ գործող իշխանությունները ցանկանում են վերականգնել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք կասեցվել էին դեռևս 2012 թ. օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և անմիջապես ներում ստացել Իլհամ Ալիևի կողմից:

Պարզաբանման համար մենք դիմել էինք ԱԳՆ, որտեղից պատասխանել էին, որ հայցվող տեղեկությունները չեն կարող տրամադրվել՝ համաձայն «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի։ Եվ ահա, այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս Պրահայում տեղի ունեցած և լուսաբանված հանդիպումներից բացի տեղի է ունեցել ևս մի հանդիպում, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կամ որևէ անդրադարձ չի եղել։

ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Պրահայում Նիկոլ Փաշինյանն առանձին կարճ հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ (ի դեպ, հանդիպմանը չի մասնակցել անգամ ԱԳ նախարարը)։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը և Օրբանը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առաջիկա ամիսներին վերականգնել Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում