կարևոր
3037 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-11 14:53
Հասարակություն

«Լիդեր էր, ամեն բնագավառում ինքը կար». 20–ամյա Հայկը զոհվել է Ներքին Հանդի ուղղությամբ մարտերի ժամանակ (ֆոտո)

«Լիդեր էր, ամեն բնագավառում ինքը կար». 20–ամյա Հայկը զոհվել է Ներքին Հանդի ուղղությամբ մարտերի ժամանակ (ֆոտո)

«Իր տեսակի մեջ եզակի էր, լիդեր, ինտելեկտուալ»,– սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Հայկ Հակոբյանին այսպես են հիշում նրա հարազատները։

20–ամյա Հայկը ծնունդով Արագածոտնի մարզի Շղարշիկ բնակավայրից էր, ընտանիքի հետ ապրում էր Երեւանում։ Նա իրենից փոքր եղբայր ունի։

Հայկը բանակ էր զորակոչվել 2021 թվականի փետրվարի 22–ին, ծառայում էր Կապանում։

NEWS.am-ի հետ զրույցում նրա հարազատներից Անահիտ Պետրոսյանը պատմեց, որ Հայկը զոհվել է ադրբեջանական ագրեսիայի հարձակումից ժամեր անց Ներքին Հանդի ուղղությամբ մարտերի ժամանակ։ Նա դիրքի ավագն էր։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 32 զինծառայողների աճյուներից մեկն էլ 20–ամյա Հայկինն էր։

«Ընկերը զանգել էր Հայկին, պատասխանել էր, բայց չէր կարողացել խոսել, ու կապն ընդհատվել էր։ Տեղյակ ենք միայն, որ մի քանի ժամ դիմակայել են, հետո թշնամին արկ է կիրառել, ինչի հետեւանքով էլ զոհվել է Հայկը»,– պատմեց Անահիտը եւ կիսվեց Հայկի մասին հիշողություններով.

«Հայկը շատ լուսավոր, պայծառ, կենսուրախ տղա էր, երբ հայտնվում էր ինչ–որ միջավայրում, ուրեմն հումորն ու ուրախությունը անպակաս էին այդտեղից։ Հայկը մեծ շրջապատ ուներ, սիրում էր հավաքույթներ կազմակերպել, բոլորին հավաքել իրար գլուխ։ Լիդեր էր, ամեն բնագավառում ինքը կար։ Ծնողների հետ որ խոսում էր, ասում էր՝ սպասեք մինչեւ ես գամ, ամեն ինչ լավ է լինելու»։

Հայկը սովորում էր Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության բաժնում։ Մեկ կիսամյակ էր սովորել ու ձմռանը զորակոչվել բանակ։ Նրա դասղեկը պատմում է, որ Հայկի համար առաջնայինը արդարությունն էր, եւ ինքը ուզում էր արդարությունը հաստատողներից մեկը լիներ։

«Հայկը անհնարինը հնարավոր էր դարձնում։ Ասում էր՝ հարց չկա, ընկեր Աբգարյան,  եթե պետք է, ուրեմն կլինի։ Կազմակերպչական ջիղ ուներ, ամեն հարցում իրեն կարող էինք վստահել, ու գիտեինք, որ եթե այդ գործին Հայկը խառնվել է, ուրեմն ամեն ինչ լինելու է պատշաճ։ Ես 30 տարի աշխատում եմ ու ինձ մեղադրում են աշակերտներին չափից շատ սիրելու մեջ, բայց ես հիմա եմ հասկանում, որ այդ 30 տարիների ընթացքում Հայկից շատ ոչ մեկին չեմ սիրել։ Հայկս ուրիշ էր»,– հիշեց Գալուստ Գյուլբենկյանի անվան ավագ դպրոցի ուսուցչուհին։

20–ամյա Հայկ Հակոբյանին հուղարկավորել են հոկտեմբերի 8–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

Նյութը` News.am