կարևոր
4711 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-05 16:17
Քաղաքական

Էրդողան-Փաշինյան հանդիպումը մեծագույն սպառնալիք է մեզ համար․ Ռուբեն Մելքոնյան

Էրդողան-Փաշինյան հանդիպումը մեծագույն սպառնալիք է մեզ համար․ Ռուբեն Մելքոնյան

Թուրքական Milliyet կայքը հայտնում է, որ Պրահայում վաղը կկայանա Էրդողան-Փաշինյան առաջին դեմառդեմ հանդիպումը, իսկ հայկական կողմը մինչ այս պահը պաշտոնապես չի հաստատել լուրը։ Այս թեմայով Yerkir.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

-Պարոն Մելքոնյան, վաղը, ըստ թուրքական կողմի, նախատեսվում է Էրդողան-Փաշինյան հանդիպում, ի՞նչ սպասել այս հանդիպումից։

-Այդ հանդիպումը չի կարող ոչինչ  դրական տալ Հայաստանին, որովհետև չկա բացարձակապես որևէ մի նախադրյալ որևէ դրական բան ակնկալելու համար։ Ո՛չ Հայաստանի դիվանագիտական ներուժը, ո՛չ Հայաստանի միջազգային, այսպես ասած, քաղաքական կշիռը, ո՛չ Հայաստանի ղեկավարների, և ո՛չ այս պահին դիվանագետների պրոֆեսիոնալիզմը, և ո՛չ էլ Հայաստանի տարածաշրջանային դերակատարումը, այնպես որ ակնկալել որևիցե դրական բան Էրդողան- Փաշինյան հանդիպումից ուղղակի չի կարելի։ Դրան գումարենք նաև այն, որ այսօր Թուրքիան գտնվում է իր քաղաքական-դիվանագիտական հզորության բավական բարձր մակարդակի վրա, Էրդողանը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, որը առաջին հնգյակում հաստատ կա և աչքի է ընկնում էլ ավելի կոշտացած դիրքորոշմամբ Հայաստանի հանդեպ, բացահայտ հայտարարում է, որ իրենց քայլերը կորդինացված են և իրենք Ադրբեջանի հետ աշխատում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Էրդողանը համարվում է բավական բարդ և վտանգավոր բանակցող, և այդ ամենին եթե համադրենք Փաշինայնի կարգավիճակը, ներուժը, հնարավորությունները, ապա մեկանբանություններն այլևս ավելնորդ են, թե ինչ ապագա է սպասվում այդ բանակցությունների արդյունքում։

-Թուրքական կողմը երկու անգամ հաստատել է Էրդողան-Փաշինյան հանդիպման մասին, իսկ Հայաստանից պաշտոնական հաստատում չի եղել մինչ այս պահը, ըստ Ձեզ, ի՞նչ է սա նշանակում։

-Չեմ կարող ասել, որ Հայաստանի կողմից պաշտոնական հաստատում լինել-չլինելը շատ որոշիչ է լինելու, որովհետև լրատվական խոսքերը, մեսիջները այնպես են, որ հանդիպումը ավելի շատ հավանական է, որ կկայանա, քան թե չի կայանա։ Բացի այդ ընդհանուր տարամաբանությունը պրոցեսների նաև հուշում է, որ այդ հանդիպումը տարամաբանական է, որ կկայանա։ Միչև այդ եղել է հեռախոսազրույց Փաշինյան-Էրդողան։ Էրդողանն անձամբ, եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ խոսեց այդ մասին, չբացառելով հանդիպման հնարավորությունը։ Այնպես որ, ենթադրում եմ, որ Հայաստանի այդ պաշտոնական հաստատման մասին հայտարարության բացակայությունը կամ ներկայությունը այս պահին ամենակարևոր խնդիրը չէ։

- Ենթադրելի է, որ հանդիպման ընթացքում Թուրքիան իր հերթին Հայաստանին կործանարար պահանջներ կներկայացնի, ի՞նչ ասպեկտներ կքննարկվեն ըստ Ձեզ։

-Ես կարծում եմ, որ  ներկայացվելու են համատեղ թուրք-ադրբեջանական պահանջների փաթեթ, որովհետև, ինչպես ասացի, Թուրքիան առաջնորդվում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, Ադրբեջանի պահանջները իր պահանջներն են, գիտենք Ադրբեջանի պահանջները ինչպիսին են, դրանից ենթադրում եմ` եթե օրակարգը հայ-թուրքականին է վերաբերվում, կարող են ավելանալ նույնպիսի թուրքական պահանջները, որոնք կարող են վերաբերվել Հայոց ցեղասպանության խնդրին, Կարսի պայմանագրի խնդրին, Հայաստանի հետ կապված տարբեր բաց և քողարկված, մեծամասշտաբ և փոքրամասշտաբ թուրքական պահանջներին, ուստի այդ ամբողջ պրոցեսը և հանդիպումը ես կարծում եմ, որ մեծագույն սպառնալիք է, կամ ևս մեկ ամրագրումն է այդ սպառնալիքի, որը ծառացած է Հայաստանի առջև՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից և ծառացած է Հայաստանի առջև, որպես այս իշխանությունների։

-Հաշվի առնելով, որ Թուրքիայում և Ադրբեջանում հակաիրանական ֆոն է, և որ Հայաստանը գործարքի մեջ է մտնում նրանց հետ, չե՞ք կարծում, որ նման կերպ Հայաստանը կվնասի հայ-իրանական հարաբերությունները։

-Պետք է գանք հակառակ կողմից, թե այս իշխանությունները երբևէ ինչո՞վ են նպաստել Հայաստանի շահերին , Հայաստանի դիվանագիտությանը, Հայաստանի տարածաշրջանային իրավիճակին և հետո նոր մտածել, թե արդյո՞ք այս իշխանությունները որևէ քայլ անում են, կամ պատրաստ են անել, որպեսզի Հայաստանը շահի կամ չհայտնվի որևէ բարդ իրավիճակում։ Այնպես որ հայ-իրանական հարաբերությունների ոտնահարումը այս իշխանությունները սկսել են տարիներ առաջ, երբ Ազգային ժողովի ամբիոնից Իրանը դիտարկում էին որպես տոտալիտար երկիր։ Կարող եք տեսնել, թե ինչպես է փչացրել տարբեր երկների հետ Հայաստանը իր հարաբերություները՝ լինի դա դաշնակից, լինի դա հարևան և այլն։ Էնպես որ մի փչացրած հարաբերություն ավել, մի փչացրած հարաբերություն պակաս՝ իշխանության համար որևէ նշանակություն չունի։ Ազգակործան ու պետականակործան իշխանության պարագայում սրանք շատ սպասելի զարգացումներ են։

- Պարոն Մելքոնյան, այս պարագայում ի՞նչ պետք է անի Հայաստանը, կամ հասարակ քաղաքացին այս ամենը կանխելու համար։

-Փորձագետները միշտ ասում են, որ ամեն օր, բառիս բուն իմաստով, այս  իշխանության գոյությունը Հայաստանը ևս մի միլիմետրով կամ սանտիմետրով  հրում է դեպի անդունդ, և միակ քայլը, որ կարելի է անել անդունդ չընկնելու համար, այդ դրդող ուժը հեռացնելն է։ Իսկ այս իշխանությունը, կարելի է ասել, փակել է պետության օդերը, պետության թթվածինը, պետությունը հայտնվել է երկու խոչընդոտների առջև, ներքին՝ ի դեմս այս իշխանությունների, և արտաքին՝ որպես մեր ավանդական թշնամիների։ Այնպես որ կա միայն մի առաջնային քայլ՝ րոպե առաջ այդ իշխանություններից ազատվելը, այստեղ ոչ միայն ընդդիմության կամ ընդդիմադիր տրամադրված, կամ գիտակից հասարակության, այլ մեր պետականության և ազգի խնդիրն է։ Ցավոք սրտի շատ քիչ հույս կա, որ այս իշխանությունները կգիտակցեն այդ ամենը և մենք կամովի կգնանք պետությունը փրկելու, կամ պետության հասցված այդ վնասները կասեցնելու ճանապարհով՝ հեռանալով կամովի իշխանությունից, բայց այլ ելք ես չեմ տեսնում։