կարևոր
3925 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-26 10:59
Տարածաշրջան

Միջանցքով կկտրվի ՀՀ-ի հետ Իրանի ցամաքային կապը, Իրանը կհայտնվի «թյուրքական միասնության» շրջափակման մեջ. պանթյուրքական ԶԼՄ

Միջանցքով կկտրվի ՀՀ-ի հետ Իրանի ցամաքային կապը, Իրանը կհայտնվի «թյուրքական միասնության» շրջափակման մեջ. պանթյուրքական ԶԼՄ

Իրանական սոցցանցերում շրջանառվում է Բաքվից հեռարձակվող, հակաիրանական-պանթյուրքական արբանյակային ալիքներից մեկի վերլուծական հաղորդման մի հատվածը, որում ներկա պանթյուրքիստ վերլուծաբանը հստակ նշում է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ինչ նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար, եւ Իրանին ինչու է այդքան մտահոգում և վախեցնում դրա հնարավոր իրականացումը։

Ըստ նրա՝ այս միջանցքն անցնելով Իրան-Հայաստան սահմանային գոտով, վերջնականապես կխզի Հայաստանի հետ Իրանի ցամաքային կապը, ինչը լուրջ հետեւանքներ է կարող ունենալ Իրանի համար։

«․․․Դրանից բացի, այս միջանցքը, որին կարող ենք անվանել նաեւ «Թյուրքական միասնության ուղի», Թուրքիայից ձգվելու է մինչ Ադրբեջան եւ այստեղից էլ դէպի Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններ, իսկ սա նշանակում է, որ Իրանի հյուսիսային սահմաններն ամբողջովին շրջափակվելու են թյուրքական միասնության միջոցով։

Դեպի Ռուսաստան Իրանի միակ ելքը կմնա Կասպից ծովը, իսկ դա էլ Թուրքմենստանի եւ Ղազաղստանի միջոցով ինքնաբերաբար կփակվի։

Կա եւս մի կարեւոր հանգամանք, որը լուրջ մտահոգություն է առաջացնում Իրանում։ Այս բոլորի արդյունքում, տարածաշրջանում թյուրքական գործոնը կտրուկ կհզորանը, ինչը չի կարող չազդել Իրանի թյուրքերի (իրականում թյուրքախոս իրանցիների` խմբ.) իրավիճակի վրա, որի արդյունքում նրանց մոտ կակտիվանա քաղաքական պահանջները, այդ թվում՝ ինքնավարության կամ, անգամ, անջատողականության պահանջը, որն իր հերթին կարող  է Իրանում անկայունթյան եւ երկրի կազմաքանդման պատճառ դառնալ», - հստակ նշում է պանթյուրքիստ վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ օրերս Իրանում ծայր առած անկարգությունները, որոնք սկսվել էին Իրանի Բարքերի ոստիկանության կողմից Մահսը Ամինին` հիջաբը սխալ կրելու պատճառով ձերբակալելու, ծեծելու և հետագայում մահվան պատճառով: Այդ անկարգությունները, որոնք հանգեցրել են տասնյակ մահերի (պաշտոնապես` 17, որոշ իրանական ԶԼՄ-ների` 35) և հարյուրավոր ձերբակալվածների, մեծ տարածում էին գտել հատկապես Իրանի հյուսիսում` թյուրքախոս բնակչության շրջանում, որոնց ուղղորդում և գրգրռում էին հենց պանթյուրքականները: