կարևոր
3271 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-22 19:11
Աշխարհ Քաղաքական

Էրդողանը հայտնել է, որ հոկտեմբերի սկզբին հնարավոր է հանդիպի Փաշինյանի հետ

Էրդողանը հայտնել է, որ հոկտեմբերի սկզբին հնարավոր է հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք «Եվրոպական քաղաքական համայնքի» նիստի շրջանակում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Hurriyet-ը։

«Հիմա մենք գնահատում ենք՝ արժե արդյոք ներկա գտնվել Պրահայում կայանալիք գագաթաժողովին։ Եթե մենք որոշենք մասնակցել, Փաշինյանն էլ կլինի այնտեղ, և նա մտածում է այնտեղ ինձ հետ հանդիպման մասին։ Մենք կարող ենք հանդիպել նրա հետ, որպեսզի քննարկենք այդ բոլոր հարցերը»,- առաջարկել է նա ։

Էրդողանը հայտնել է նաև, որ առաջիկայում Թուրքիան «Կովկասի հետ կապված որոշ գործողություններ կնախաձեռնի»։ Նա նշել է, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

«Եվրոպական քաղաքական համայնքի» հանդիպումը գաղափարն առաջ է քաշել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022-ի մայիսին։ Այն կայանալու է հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հանդիպմանը կհրավիրվեն ԵՄ անդամ 27 պետությունները, Արևմտյան Բալկանների վեց երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։