կարևոր
3313 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-20 22:05
Արցախ Հասարակություն

ՀՀ իշխանությունները կամ դավադիր ծրագիր են իրականացնում կամ ապիկար ու ապաշնորհ են

ՀՀ իշխանությունները կամ դավադիր ծրագիր են իրականացնում կամ ապիկար ու ապաշնորհ են

Սեպտեմբերի 15-17-ը Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններից բաղկացած պատվիրակությունը գտնվում էր Երևանում: Այցի մանրամասները հանրությանը ներկայացնելու համար սեպտեմբերի 20-ին հրավիրվել է մամուլի ասուլիս: ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի խոսքով՝ այցը մինչ այդ էին պլանավորել, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային Ժողովում արված հայտարարությունները պատճառ դարձան, որ ավելի շուտ ուղևորվեն: «Այդ հայտարարության յուրօրինակ բացատրությունը գալիս է նրանից, որ ժողովուրդը միանգամից ընդվզեց, և տասնյակ հազարավոր մարդիկ Ստեփանակերտում և Երևանում դուրս եկան բողոքելու: Սա տեղեկատվական դիվերսիա էր ժողովրդի զգոնությունը ստուգելու համար: Ի տարբերություն հայաստանյան իշխանությունների որոշ ներկայացուցիչների՝ արցախցիների համար Ջերմուկը, Մարտակերտը, Ստեփանակերտը կամ Գյումրին հավասարապես հայրենիք են»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ Արցախի հարցի, կարգավիճակի, Ադրբեջանի կազմում չլինելու հարցի շուրջ Արցախի խորհրդարանում միասնական տեսակետ է ձևավորվել, և ԱՀ ԱԺ վերջին հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Խորհրդարանական խմբակցությունները համախմբվել են ոչ թե ինչ-որ մեկի շուրջ, այլ ընդհանուր խնդրի և դրա լուծման համար: Այս իմաստով խորհրդարանական բոլոր խմբակցությունները միասնական են, միակամ, որովհետև միայն այդպես է հնարավոր փրկել այն, ինչ մնացել է ու առաջ շարժվել:

«Ցանկացած մարտահրավեր, հատկապես անվտանգային, որը կախված է և՛ Հայաստանի, և՛ Արցախի գլխին, կարելի է լուծել միայն միասնական ջանքերով: Այստեղ հարց է առաջանում, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով միասնականություն հնարավոր չէ: Վերջին երկու տարիները դրա մասին են խոսում»,- նշել է Ա. Մոսիյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխող խմբակցության հավաստիացումներին հավատալու մասին հարցին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանություններին հավատալ-չհավատալը քաղաքական ճաշակի հարց չէ: «Հարցի մի կողմն է, թե ինչ են ասում, ու նաև թե ինչ են անում: Որևէ հավատ չի կարող լինել մի իշխանության նկատմամբ, որն ասում է՝ առանց Արցախի ժողովրդի չենք կարող նրա ճակատագիրը որոշել ու նոյեմբերի 9-ին գաղտնի համաձայնագիր ստորագրում Հայաստանի և Արցախի ժողովրդի թիկունքում: Դրանից հետո երկու տարվա ընթացքում ՔՊ որևէ բարձրաստիճան պաշտոնյա «Արցախի Հանրապետություն» անունը չի արտաբերել: Սրանք քաղաքական մեսիջներ են, որ կա՛մ դավադիր ծրագիր են իրականացնում, կա՛մ ապիկար ու ապաշնորհ են: Այստեղ ընդդիմության-իշխանության հարց չէ: Վերջին մեր հանդիպման ժամանակ ՔՊ գործընկերները փորձեցին ասել, թե սխալ ենք հասկացել վարչապետի ասածները, ես հակադարձեցի՝ ասելով՝ ինչպե՞ս է պատահում, որ հազարավոր մարդիկ, քաղաքական գործիչներ մի ձևով են հասկանում, միայն ՔՊ-ն՝ ուրիշ ձևով»:

Պատգամավորի խոսքով՝ պիտի ունենալ կարող իշխանություն ու բոլոր հարցերին միասնական լուծում տալ. «Մարտահրավերները բազմաթիվ են, միայն ընդդիմությունն էլ ի վիճակի չէ այս հարցերը լուծելու, ամբողջ ժողովրդով, քաղաքական դաշտով պետք է լուծել: Խնդիրն այն է, թե հիմնական պատասխանատուները ցանկության դեպքում արդյո՞ք ի վիճակի են լուծելու դրանք, չեմ կարծում: Ելքն այն է, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում հայրենասիրական ուժերը միշտ զգոն լինեն»:

Եզրափակելով խոսքը՝ Արթուր Մոսիյանը նշել է, որ այսօր անվտանգային լուրջ խնդիր կա, և բոլորս պետք է կենտրոնանանք դրա վրա, բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվեն: «Սա նաև իշխանություններից է կախված: Իմ հորդորն է իշխանություններին, որ իրենց գործելաոճը փոխեն, սոցիալական արդարություն հաստատեն և միասնականություն ապահովեն»,- նշել է նա:

aparaj.am