|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ահազանգում են, որ շուրջ մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց, երբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրն իշխանությունները նվիրեցին ադրբեջանցիներին, Սյունիքի մի քանի գյուղ մնաց գրունտային այս ճանապարհի հույսին։ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհն ամենակարճն է, որով ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ մթերքներ հասցվում։
Անցած ամիսներին այս ճանապարհի վրա շինաշխատանքներ էին ընթանում, որոնք պարբերաբար դադարեցվում էին սողանքների պատճառով: Սակայն ավելի քան մեկ ամիս է՝ առհասարակ որեւէ աշխատանք չի ընթանում: Համայնքների բնակիչները լսել են, որ ադրբեջանական կողմի պահանջով են աշխատանքները դադարեցվել, քանի որ այդ ճանապարհը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ հետագայում չի կարող, այսպես կոչված, որպես «միջանցք» ծառայել ադրբեջանցիների համար:
Ըստ տեղի բնակչության, այս ավտոճանապարհն է Փաշինյանի ասած Էյվազլին եւ մյուս գյուղերը կապելու Նախիջեւանին: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանցիներն ուզում են, որ բարեկարգ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով երթեւեկեն:
Տարածքային կառավարման նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են դադարեցվել աշխատանքները։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին աստված գիտի, թե երբ կպատասխանեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում