|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի գործնական աշխատանք սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման օգտին»,- ընդգծել է Զախարովան։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետք է քայլեր ձեռնարկվեն սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այս հարցը քննարկվել է Դուշանբեում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ։
«Գործընկերները հայտնել են, որ մոտ են ազգային պատվիրակությունների կազմավորման ավարտին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանն արդեն ձևավորել է իր փորձագիտական թիմը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեսակետով՝ սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների վաղաժամ մեկնարկը նաև պահանջվում է ցանկացած տեսակի սահմանային միջադեպեր կանխելու համար։
«Դրա շրջանակներում հնարավոր կլիներ վստահության բարձրացման մեխանիզմներ ձևավորել, այդ թվում՝ շփման խմբերի ստեղծում՝ սահմանային շրջաններում կայուն իրավիճակ ապահովելու համար»,- ասել է Զախարովան։