|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Այսօր՝ մայիսի 5-ի առավոտից, կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները դարձյալ կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես՝ փակ են փողոցներ Դավիթաշենում, Քոչար-Վաղարշյան փողոցների խաչմերուկը:
Բանավեճ ծավալվեց ակցիայի մասնակիցների եւ վարորդների միջեւ, որոնք պահանջում էին բացել ճանապարհը: «Էդ 5 րոպեով, որ փողոցը փակեցիք, դրանից հետո 5 ժամ խցանման մեջ մենք ոնց ենք անցնելու»,-ասաց վարորդներից մեկը: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ պատասխանեց, որ հիմա փակում են, որ վաղն էլ քաղաքացիները գնալու տեղ ունենան, հայրենիք ունենան:
Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «հայեր, միացեք»:
Վարորդներից մեկը նկարում էր ակցիայի մասնակիցներին, ինչին ցուցարարներից մեկն արձագանքեց. «Նկարի-նկարի, Նիկոլի նման մարդասպան»:
Քիչ անց ոստիկանները Քոչար-Վաղարշյան խաչմերուկից սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ընդ որում՝ ակցիայի մասնակիցներն արդեն բացել էին փողոցը եւ նրանց բերման ենթարկեցին մայթից:
Դրանից քիչ հետո դեռեւս այդտեղ գտնվող ցուցարարները աղբամաններով փակեցին փողոցը: Կրկին ժամանեցին ոստիկանները եւ 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար: Իրավապահները դուրս բերեցին աղբամանները ճանապարհից եւ վերականգնեցին երթեւեկությունը: