|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Բախշիյանի պաշտպանները միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել է, եւ Արղամանյանն է շարունակում քննել ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Փաստաբանները հայտնել է, որ մերժման որոշումը ստանալուց հետո մեկ այլ հիմնավորմամբ նորից ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:
Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։
Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։