|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի աջակցությունն իր գործընկերներին վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար և ուղղված է ագրեսիայից գործընկերների պաշտպանության ամրապնդմանը։ Այս մասին նա հայտարարել է Լիտվայում, ուր ժամանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Ստոլտենբերգը ելույթում կարեւորել է Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացման փաստը, անդրադարձել է նաեւ Վրաստանին։
«Մենք քննարկել ենք Ռուսաստանի անբացատրելի և անհիմն ռազմական մոբիլիզացիան Ուկրաինայի սահմանների երկայնքով։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ լինել թափանցիկ և նվազեցնել լարվածությունը. ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ։ Մենք աջակցում ենք բոլոր դաշնակիցներին և պատրաստ ենք շարունակել քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերել մեր գործընկեր Ուկրաինային։ Երեքշաբթի Ռիգայում կհանդիպեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարները։ Նրանք կգնահատեն անվտանգության իրավիճակը, այդ թվում՝ ուկրաինացի և վրացի գործընկերների հետ։ Մեր գործընկերների աջակցությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, այն օգնում է մեր գործընկերներին՝ պաշտպանվել ագրեսիայից»,- ասել է նա։
Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը շուտով համագործակցության նոր համատեղ հռչակագիր կհրապարակեն։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ն չի միջամտի, քանի որ Ուկրաինան դաշինքի անդամ չէ: